.
Քրիստոսի շնորհն ինձ բավարար է

Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի:

Բ Կորնթ․ 12․9

Կյանքն անկանխատեսելի է։ Մեզ հետ ամեն բան կարող է պատահել այս կյանքում։ Հիվանդությունները, ցավերն ու այս կյանքի տարատեսակ դժբախտությունները կարող են պատահել նաև աստվածավախ, Աստծուն հավատարիմ մարդկանց։

Աստծուն ուղղված մեր աղոթքները՝ բժշկության, ցավի դարմանման և տարատեսակ այլ խնդիրների լուծման համար, կարող են մեր ակնկալած պատասխանը չունենալ։

Տեր Հիսուս Քրիստոսը բոլոր Իրեն հուսացողներին և ցավի մեջ Իրեն աղաղակողներին այս նույն պատասխանն է տալիս․ «Քեզ իմ շնորհը բավական է ․․․»:

Աստված մեկ անգամ և ընդմիշտ Իրեն հուսացողների համար Իր Որդուն զոհեց և մեզ համար ապահովեց մեղքի ու մահվան գերությունից ազատագրում և կյանք։ Նա կանչեց մեզ ու որդեգիր զավակներ դարձրեց։ Զավակներ, որ ամբողջությամբ կվստահեն ու կհենվեն Աստծո վրա՝ Իր շնորհն ընդունելով։ Քրիստոսն Աստծո կատարյալ շնորհն է, և մեր դարմանը ոչ թե հիվանդությունից, ցավից ազատագրվելն է, այլ Իր հետ մնայուն հարաբերությամբ, Իր զորությամբ մեր կյանքն ապրելն է՝ թե՛ ուրախության և թե՛ տխրության, թե՛ առողջության և թե՛ հիվանդության, թե՛ հարստության և թե աղքատության, թե՛ երիտասարդության և թե՛ ծերության մեջ։

Քրիստոսի շնորհն ինձ բավարար է։