.
Տղամարդկանց մեկօրյա համագումար Երևանում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 40-ից ավելի տարբեր տարիքայի խմբի տղամարդ Երևանից, Արտաշատից, Այնթապից, Արմավիրից, Աբովյանից ու Վարդենիսից, ապրիլի 22-ին հավաքվել էր Բաղրամյան 18-ում՝ ՀԱԵ տղամարդկանց հերթական մեկօրյա համագումարին: 

Տարածաշրջանային համագումարի թեման նույնն էր, ինչ Իջևանում ու Վանաձորում՝ «Տղամարդն Աստծո առաջ»:

Մեկօրյա այս համագումարների նպատակը, միասնական պաշտամունքից զատ, Աստծո առջև տղամարդու իրական դերի ու պատասխանատվության գիտակցության ամրապնդումն էր, Աստծո Խոսքի ու սերտողությունների միջոցով նրանց խրախուսելը, որ ձգտեն հոգևորապես ավելի աճել և ամրանալ հավատքի կյանքում, ինչպես նաև ծանոթության ու մտերմության առիթ ստեղծել տարածաշրջանի ՀԱԵ տղամարդկանց միջև:

Խոսնակը՝ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն էր, պատգամի նյութը՝ Ա Տիմոթեոս 2.8-ը. «Ուստի կամենում եմ, որ մարդիկ ամենուրեք աղոթեն՝ Սուրբ ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության և երկմտանքի»:

«Փոխանակ ձեռքերը բռունց դարձնեք բարկության համար, նույն այդ ձեռքերը վեր բարձրացրեք աղոթքի համար»,- Վեր. Հովհաննես Հովսեփյանը կոչ արեց տղամարդկանց վերանայել պաշտամունքի ընթացքում իրենց աղոթքի կյանքն ու պատասխանատվությունը, և ուշադրություն դարձնեն անձնական սրբության կյանքին: 

Համագումարի մասնակիցները պատգամից հետո խմբային քննարկման առիթ ունեցան, խոսեցին գործնական քայլերից ու Աստծո Խոսքը կյանքի կոչելու ուղիներից:

Հանդիպումն ավարտվեց հյուրասիրությամբ, հաղորդակցությամբ ու խմբային լուսանկարով:

Երևանում կազմակերպված այս հանդիպումը ՀԱԵ տղամարդկանց ծառայությունները համակարգող հանձնախմբի նախաձեռնած թվով 3-րդ համագումարն էր: Առաջինը տեղի էր ունեցել 2022 թ.-ի նոյեմբերի 26-ին Իջևանում՝ Տավուշի մարզի ՀԱԵ տղամարդկանց համար, այնուհետև ապրիլի 1-ին, Վանաձորում՝ Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի ՀԱԵ տղամարդկանց համար: Հաջորդը, Աստծո կամքով, նախատեսվում է Սյունիքի մարզում:

 

Նախորդ
...
X