.
«Արմատացած և պաշտպանված». համագումար հովիվների ու երեցկանանց համար

Հայաստանայայց Ավետարանական եկեղեցու հովիվներն ու երեցկանայք 2023թ.-ի ապրիլի 18-20-ն Աստծո ու միմյանց հետ յուրահատուկ ու օրհնաբեր ժամանակ անցկացնելու հնարավորություն ունեցան: Շողիկ ճամբարը երեք օրով «Հովիվ և երեցկին» համագումարի հանգրվանն էր: 

«Արմատացած և պաշտպանված» խորագրով համագումարի հյուր խոսնակները տեր և տիկին Րաֆֆի և Գայանե Մսըրլեաններն էին: Վերապատվելի Րաֆֆին, ով Բեյրութի Նոր Մարաշ Հայ Ավետարանական եկեղեցու հովիվն է, համագումարի մասնակիցներին օգնեց Աստծո Խոսքի սերտողությամբ (Սաղմոս 1․1-3, Երեմիա 17․7-8) ու նաև սեփական փորձառությամբ քաղած դասերի հիման վրա անդրադառնալ եկեղեցու ու անձնական կյանքում խորապես արմատանալու ու շարունակաբար սնուցվելու անհրաժեշտությանը, հարաբերությունների դինամիկային ու վարքագծին, առողջ ամուսնություն ու առողջ եկեղեցի ունենալու կարևորությանը, ինչպես նաև դրանց ծաղկման հանդեպ հավատք և տեսիլք ունենալուն:

Յուրաքանչյուր թեմայից հետո հովիվներն ու երեցկանայք փոքրիկ խմբերով թեմայի քննարկման, անձնական անդրադարձի, գործնական քայլերի հստակեցման ու աղոթքի հնարավորություն էին ունենում:  

Համագումարի երկրորդ օրվա երեկոն հարստացրեց Սուրբ Հարության թեմայով երգերի համերգը՝ Երևանի Բաղրամյան 18-ում գտնվող ՀԱԵ երիտասարդների կատարմամբ: 

«Հովիվ և երեցկին» համագումարի յուրաքանչյուր օր սկսվում էր պաշտամունքով, վերջին օրը նաև ավարտվեց պաշտամունքով, որի ընթացքում ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը քարոզեց Բ Թեսաղոնիկեցիներին 1.11-12 համարների շուրջ և Սուրբ Հաղորդություն մատակարարեց: 

ՀԱԵ հովիվների ու երեցկանանց համագումարի օրհնյալ պահերի, սերտած նյութի ու Աստծո Խոսքի վրա արմատացած լինելու արդյունքում պաշտպանված լինելու մասին կհիշեցնի նաև խորհրդանշական նվերը՝ համագումարի խորագրով բարձը:  

 

Նախորդ
...
X