.
ՀԱԵ Կապանի հոգևոր հովիվը պատվելիի կոչում և քարոզչության արտոնություն ստացավ

Կապանում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու անդամների համար 2023թ․-ի ապրիլի 16-ը պատմական դարձավ։ Տերունական պաշտամունքի ընթացքը նաև պաշտոնակոչության առիթ էր։ Կապանի եկեղեցին 16 տարի հովված Մհեր Շարբաթյանը պատվելիի կոչում ու քարոզչության արտոնություն ստացավ։

Պատգամաբերը ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Հովհաննես Հովսեփյանն էր, ով խոսելով Բ Տիմոթեոս 4․1-4 համարների շուրջ, հորդորեց Մհեր Շարբաթյանին, որպեսզի քարոզի Աստծո Խոսքը՝ պատեհ թե անպատեհ առիթով, հանդիմանի, սաստի, հորդորի ամենայն համբերատարությամբ և վարդապետությամբ, փոխանակ խոսելու այն, ինչ ժողովրդի ականջին է հաճելի։

Այնուհետեւ, ՀԱԵ ավագ հովիվը, պաշտոնակոչության ընթացակարգի համաձայն, ընթերցեց պատվելի դառնալու ուխտը, իսկ համայնքը լսեց Մհեր Շարբաթյանի պատասխանները, ուխտը հաստատվեց հովվական հաձնախմբի ատենապետ վեր․ Գառնիկ Թութիկյանի աղոթքով: Արարողության ավարտին պատվելի Մհեր Շարբաթյանին հանձնվեց քարոզչության արտոնության հավաստագիր: Իր հերթին, պատվելի Շարբաթյանն առաջին անգամ համայնքին Սուրբ Հաղորդություն մատակարարելու առիթ ստացավ։  

Այս արարողությունը համայնքի առջեւ վկայությունն էր այն բանի, որ այսուհետեւ, պատվելի Մհեր Շարբաթյանը Կապանի ՀԱԵ-ում իրավունք ունի ոչ միայն Աստծո Խոսքը քարոզելու, այլեւ ՀԱԵ հիմնական խորհուրդները կատարելու՝ հաղորդություն մատուցելու եւ մկրտելու: Մինչ այս արարողությունը, ՀԱԵ հովվական հանձնախումբը, ՀԱԵ հոգեւոր խորհրդի լիազորությամբ, գործող ընթացակարգի համաձայն, ուսումնասիրել էր Մհեր Շարբաթյանի աստվածաբանական կրթությունը, երկարամյա ծառայության փորձառությունը, վարդապետությունը եւ հաստատել հովվական քարոզչության արտոնությունն ու պատվելիի կոչումը:

Պատվելի Մհեր Շարբաթյանը ծնվել է  1975 թ.-ի դեկտեմբերի 7-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, որտեղ էլ ստացել է  միջնակարգ կրթությունը: 1993 թ.-ին ավարտել է Ստեփանավանի Մասնագիտական-տեխնիկական ուսումնարանը՝ ստանալով ավտոմեքենաների նորոգման փականակագործ, ավտովարպետի որակավորում: 1993 թ.-ին կայացրել է կյանքի կարևորագույն որոշումը՝ ապաշխարել ու կյանքը նվիրել է Քրիստոսին: 1995 թ.-ին վերադարձել է պարտադիր զինծառայությունից և  կամավոր ծառայության անցել Աստծո տանը: 1995-2001 թթ. ծառայել է Ստեփանավանի ՀԱԵ-ում՝ պատանյաց և երիտասարդաց խմբերում, ամառային  ճամբարներում: Մկրտվել է 1998 թ.-ի օգոստոսի 15-ին: 2002 թ.-ին ավարտել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայի ՔԴ բաժինը և նույն տարում ընտանիքով տեղափոխվել Գորիս՝ իր ծառայությունը բերելու տեղի ՀԱԵ-ում՝ որպես հովվի օգնական և ՔԴ պատասխանատու: 2003-2007 թթ. բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայի Ռուսական Կառավարման ինստիտուտում՝ հաշվապահական հաշվառում, աուդիտ  բաժնում: 15 տարի ծառայել է նաև Շուշիի «Պետրոսյան» ճամբարում որպես առաջնորդ, կոորդինատոր, այնուհետև՝ որպես ճամբարի տնoրեն: 2007 թ.-ից մինչ օրս Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Կապանի հոգևոր հովիվն է: Ամուսնացած է Նազելի Պետրոսյանի հետ, ունեն մեկ դուստր և մեկ որդի:

Նախորդ
...
X