.
Կանանց մեկօրյա համագումար Վանաձորում

«Իմ սիրտը Քո տունն է» խորագրով ՀԱԵ կանանց մեկօրյա համագումարի հերթական հանգրվանը Վանաձորն էր։ Ապրիլի 15-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Վանաձորում իր հարկի տակ էր հյուրընկալել ավելի քան 200 կանանց ու աղջիկների Հայաստանի հյուսիսային շրջանի քաղաքներից՝ Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Թումանյան, Գյումրի, Դիլիջան, Իջևան, Սպիտակ, Շիրակամուտ, Նոյեմբերյան, Բերդ։

Տարբեր քաղաքներից, տարբեր տարիքի ու հոգևոր փորձառությամբ կանանց համագումարի շրջանակներում մեկտեղելու նպատակը ոչ միայն միջեկեղեցական կապերի ամրապնդումն էր, որպեսզի ամառային համագումարներից բացի ՀԱԵ կանայք շփման այլ առիթներ ունենան, տեսնեն ու լսեն, թե այլ քաղաքներում կամ մարզերում ապրող ՀԱԵ կանայք ինչ խնդիրներ կամ փորձառություններ ունեն, այլև ամառային համագումարների նյութի ներածությանը ծանոթանալը, Աստծո Խոսքը սերտելն ու միասին Տիրոջը փառաբանելն էր:

Ժամանումից, սուրճի ու թեյի հյուրասիրությունից հետո սկսվեց համագումարի պաշտոնական մասը։ Ներկաներին ողջունեց և փառաբանության աղոթք բարձրացրեց ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ վեր․ Վարդան Ափինյանը, որից հետո մասնակիցները միասնաբար փառաբանության երգեր բարձրացրին առ Աստված։

Համագումարի խոսնակը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր․ Հովհաննես Հովսեփյանն էր։ Ներկայացնելով «Իմ սիրտը Քո տունն է» թեմայի ներածությունը՝ վերապատվելին անդրադարձավ  Եփեսացիս 3.14-21 համարներին, ուր Պողոս առաքյալը շեշտում է՝ որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի:

Քարոզաշարքը, որը մեկնարկեց մեկօրյա համագումարով ու կշարունակվի կանանց ամառային համագումարի ընթացքում, 1951 թ.-ին երիցական եկեղեցու հովիվ Ռոբերտ Բոյնդ Մյունգերի հրատարակած «Իմ սիրտը Քրիստոսի տունն է» գրքի հիման վրա էր: Հեղինակը նկարագրում է Քրիստոսի հետ հանդիպումը, Նրան՝ իր սրտի սենյակներ հրավիրելու ընթացքը:

Առաջին թեման՝ սրտի գրադարանն էր, որը խորհրդանշում էր մեր միտքը: ՍԳ հատվածը՝ Փիլիպպեցիս 4.8-9 համարները:

Այնուհետև, մասնակիցները բաժանվեցին խմբերի, որտեղ անձնական անդրադարձ կատարեցին պատգամի նյութին:

Խմբային սերտողությունից հետո համագումարի մասնակիցները վերադարձան եկեղեցասրահ, որտեղ լսեցին նյութի ամփոփումը։ Վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը նյութն ամփոփեց հետևյալ շեշտադրմամբ՝ Քրիստոսը բնակվում է մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Հոգու գործի որակական դրսևորումներն են՝ սիրո մեջ արմատավորվելը (Եփ. 3.17), հասկանալը (Եփ. 3.18-19), Աստծո ամբողջությամբ լցվելը (Եփ. 3.19): 

Վանաձորում տեղի ունեցած համագումարը թվով երկրորդն էր, մինչ այդ՝ մարտի 22-ին, նմանատիպ համագումար տեղի ունեցավ Երևանում՝ հարակից շրջանների ՀԱԵ կանանց համար։ Աստծո կամոք ևս մեկ համագումար նախատեսվում է մայիսի 13-ին, Սիսիանում՝ Սյունիքի ՀԱԵ կանանց խմբերի համար: Աղոթում ենք, որ մինչ այդ լուծվեն Արցախի շրջափակման խնդիրները, որպեսզի ՀԱԵ Արցախի քույրերն էլ կարողանան մաս կազմել մեկօրյա համագումարին: 

 

Նախորդ
...
X