.
«Եվս մեկ քայլ» ներկայացում՝ Սուրբ Հարությանը նվիրված

«Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33):

Ապրիլի 12-ին և 13-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Հայ Ավետարանչական ընկերակցության  «ՀԱՅԱՍԱ» թատերախումբը, ՀԱԵ Բաղրամյան 18-ում ներկայացրեց Սուրբ Հարության տոնին նվիրված «Եվս մեկ քայլ» ներկայացումը (բեմադրիչ` Նունե Աբրահամյան):

Ներկայացման հիմքում գերմանացի նկարիչ Մորից Ռեցշի «Շախմատիստները» կտավն ու դրա շուրջ 19-րդ դարի լավագույն գրոսմայստեր Փոլ Մորֆիի մտորումներն են: Պատմում են, որ Մորֆին ժամերով նայել է նկարին՝ հոգին կորցնելիս հուսահատ երիտասարդին ու շախ և մատ հայտարարել պատրաստ սատանային, այնուհետև խաղատախտակ է խնդրել, շարել քարերն այնպես, ինչպես նկարում է, ու հայտարարել, որ ամեն ինչ կորած չէ, երիտասարդ խաղացողը ևս մեկ քայլի հնարավորություն ունի:

Բեմում 3 դերասան էր: Արա Գևորգյանը մարմնավորում էր աշխարհի լավագույն շախմատիստներից մեկին, ում շարժառիթը, սակայն, միշտ փողն է եղել: Կյանքի ամենաեկամտաբեր խաղից մեկ օր առաջ, նա հանդիպում է խորհրդավոր մի անծանոթի, ով խնդրում է ուշադիր լինել և տանուլ չտալ այն խաղը, որն իր կամքից անկախ է սկսվելու, և որի խաղատախտակին շախմատիստի կյանքն ու հոգին է դրված: 

Քիչ անց բեմում հայտնվում է գրոտեսկային մի կերպար, որն ավելի ուշ պարզ դարձավ՝ սատանան է (մարմնավորում էր Արթուր Գեղամյանը): Դերասանների համոզիչ խաղի շնորհիվ էմոցիաների իսկական հրավառություն սկսվեց: Խաղատախտակի մի կողմում խաղի վարպետն էր, մյուս կողմում՝ այդ վարպետի կյանքը կառավարել ու հոգին կործանել փորձող սատանան: Լույսի ու խավարի պայքար, որում մարդը պարտվող է, եթե միայնակ է պայքարում: Նյարդերի գերլարում, հուզմունք, հուսահատություն, անելանելի վիճակ, երբ ինքնասպանությունը միակ ելքն է թվում... այն պահին, երբ շախմատիստը հասկանում է իր անզորությունը, մեղավոր վիճակն ու պարտությունը, սկսում է զղջալ ու  ապաշխարել, օգնության է հասնում Աստված՝ խորհրդավոր անծանոթը, ով ներկայացման սկզբում ուղղորդել էր շախմատիստին: Նա ցույց է տալիս, որ ամեն ինչ կորած չէ, և Ինքը ևս մեկ քայլի հնարավորություն է տալիս: 

Բեմադրությունը Հարության տոնին էր նվիրված, և հիշեցնում էր, որ սատանայի հետ մեր պայքարում Քրիստոսը ևս մեկ՝ հաղթական քայլ ունի: Քանի որ Քրիստոսը հարություն է առել, խավարը չի կարող հաղթել լույսին, չարը՝ բարուն, մահը երբեք չի հաղթի կյանքին: 

 

Նախորդ
...
X