.
Պատվական է Տիրոջ առջև Իր սրբերի մահը

«Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին»։ Հակոբոս 1.12

Հայ Ավետարանական ընտանիքը վերջին շաբաթներին 2 կորուստ ունեցավ: 

Մարտի 15-ին Կանադայի Տորոնտո քաղաքում, 86 տարեկան հասակում ի Տեր ննջեց Վեր. Եսայի Սարմազեանը, իսկ ապրիլի 6-ին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում, 98 տարեկանում՝ Վեր. Պարգև Ն. Տարագճեանը: 

Երկու վերապատվելիներն էլ հարուստ կենսագրություն ու զգալի ներդրում են ունեցել ոչ միայն Հայ Ավետարանական եկեղեցու ծառայության, այլև սփյուռքում հայապահպանության գործում: 

Վերապատվելի Եսայի Սարմազեանը ծնվել է 1937 թ.-ին՝ Քեսաբի շրջանի Պաղճաղազ գյուղում, ավարտել է Հայ Ավետարանական քոլեջը, սովորել է Հայկազյան համալսարանում և  Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցում: Աստվածաբանության մագիստրոսի կոչումը ստանում է Վիքթորիա Համալսարանի Աստուածաբանական Ճեմարանում, 1990 թ.-ին:  Վեր. Սարմազեանն իր հովվական ծառայությունը սկսել է Հալեպի Հայ Ավետարանական Բեթել եկեղեցում, որտեղ էլ ձեռնադրվել է ՄԱՀԱԵՄ-ի կողմից: Որպես ուսուցիչ և հոգևոր տեսուչ՝ ծառայել է Էշրեֆիեի Հայ Ավետարանական Կետրոնական Բարձարագույն Վարժարանում: 7 տարի հովվել է Նոր Ամանոսի Հայ Ավետարանական Էմմանուել եկեղեցին: 1980 թ.-ից ընտանիքով մեկնել է Տորոնտո՝ ստանձնելով այդ քաղաքի ՀԱԵ հովվի պաշտոնը, ուր ծառայեց մինչև թոշակի անցնելը: Վերապատվելին ծառայել է նաև Տորոնտոյի Հոգևոր Եղբայրության եկեղեցում: Լիբանանում ծառայելու տարիներին եղել է Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, ՄԱՀԱԵՄ-ի կենտրոնական մարմնի գրասենյակի քարտուղար, «Ջանասէր»-ի խմբագիր, եւ Հայկազյան Համալսարանի հոգաբարձության փոխատենապետ: Երեք գրքի և զանազան հոդվածների հեղինակ է։

Վերապատվելի Պարգև Ն. Տարագճեանը ծնվել է Հալեպում: Մերձավոր Արևելքում իր հիմնական ծառայությունն արել է Բեյրութում: Հովվական ու երիտասարդական ծառայությունների կողքին՝ եղել է «Ջանասէր»-ի եւ «Պատանեկան Արձագանգի»-ի խմբագիրը: Վերապատվելին իր կրոնական, Հայ Ավետարանական, ազգային ու հասարակական թեմաներով բազմաթիվ հոդվածներով հարստացրել է հայ քրիստոնյա մարդու մտաշխարհը: Վեր. Տարագճեանը լավագույնս ըմբռնել էր իր հայ ավետարանական արմատներն ու ինքնությունը և մեծահոգաբար լուսաբանել դրանք իր գրքերում: Նրա հեղինակած «Հայ ավետարանական ինքնություն», «Անփոխարինելի ժառանգություն» եւ այլ գրքերը կարելի է դասագրքային չափորոշիչներ համարել, որոնք պետք է լինեն ուսումնական ծրագրի մաս բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ներդրում ունենալ Տիրոջ ծառայության մեջ: 
1974 թ.-ից վերապատվելին տեղափոխվում է ԱՄՆ ու շարունակում իր հոգևոր ծառայությունը՝ որպես Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության հովիվ:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին փառք է տալիս Աստծուն այս վերապատվելիների ապրած կյանքի ու ծառայության համար, և Աստծո մխիթարությունն է խնդրում  Սարմազյան ու Տարագճեան ընտանիքների համար:

Նախորդ
...
X