.
«Տղամարդն Աստծո առաջ» տարածաշրջանային մեկօրյա համագումար Վանաձորում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Վանաձորում ՀԱԵ տղամարդկանց տարածաշրջանային մեկօրյա համագումարի հերթական հանգրվանն էր: Ապրիլի 1-ին Հայաստանի Հյուսիսային շրջանի՝ Վանաձորի, Գյումրու, Շիրակամուտի, Ստեփանավանի, Ալավերդու և Թումանյանի ՀԱԵ ավելի քան 70 տարբեր տարիքի տղամարդ հավաքվել էր Աստծուն փառաբանելու, Խոսքը սերտելու և Աստծո կամքը սովորելու:

Հանդիպումը սկսվեց սուրճի, թեյի հյուրասիրության շուրջ ջերմ հաղորդակցությամբ, այնուհետև շարունակվեց եկեղեցասրահում՝ միասնական պաշտամունքով:

Համագումարի պատգամաբերը՝ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն էր, որի պատգամն առնված էր օրվա խորագիրը հանդիսացող Ա Տիմոթեոս 2.8-ից. «Ուստի կամենում եմ, որ մարդիկ ամենուրեք աղոթեն՝ Սուրբ ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության և երկմտանքի»:

Ինչպես այդ հատվածում Պողոս առաքյալը քաջալերում է եկեղեցու տղամարդկանց, որպեսզի եկեղեցական հավաքական պաշտամունքի մեջ աղոթքով լծվեն ծառայության, այնպես էլ վեր. Հովսեփյանը քաջալերեց, որ եղբայրներն աղոթող լինեն բոլորի համար (Ա Տիմ. 2.1), քանի որ Աստված ուզում է բոլոր մարդկանց փրկությունը (Ա Տիմ. 2.3-4), քանի որ Քրիստոսն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց (Ա Տիմ. 2.5-6):

Աստծո Խոսքի պատգամից հետո տղամարդիկ բաժանվեցին խմբերի, որտեղ առիթ ունեցան խոսելու գործնական քայլերի ու Աստծո Խոսքի կիրառման հնարավորությունների մասին:

Փոքր խմբերում քննարկում ծավալելուց հետո եղբայրները դարձյալ հավաքվեցին եկեղեցասրահում, որտեղ լսեցին նյութի ամփոփումը, գործնական կիրառումն ու որոշում կայացնելու մարտահրավերը: Վեր. Հովհաննես Հովսեփյանը կոչ արեց տղամարդկանց վերանայել պաշտամունքի ընթացքում իրենց աղոթքի կյանքն ու պատասխանատվությունը, և ուշադրություն դարձնեն անձնական սրբության կյանքին. փոխանակ ձեռքերը բռունց դարձնեն բարկության համար, նույն այդ ձեռքերը վեր բարձրացնեն աղոթքի համար:

 

Հանդիպումն ավարտվեց հյուրասիրությամբ ու խմբային լուսանկարով:

Վանաձորում կազմակերպված համագումարը ՀԱԵ տղամարդկանց ծառայությունները համակարգող հանձնախմբի նախաձեռնած թվով 2-րդ համագումարն էր: Առաջինը տեղի էր ունեցել 2022 թ.-ի նոյեմբերի 26-ին, Տավուշի մարզի ՀԱԵ տղամարդկանց համար: Հաջորդը, Աստծո կամքով, նախատեսվում է Սյունիքի մարզում:

Մեկօրյա այս համագումարների նպատակը, միասնական պաշտամունքից զատ, Աստծո առջև տղամարդու իրական դերի ու պատասխանատվության գիտակցության ամրապնդումն էր, Աստծո Խոսքի ու սերտողությունների միջոցով նրանց խրախուսելը, որ ձգտեն հոգևորապես ավելի աճել և ամրանալ հավատքի կյանքում, ինչպես նաև ծանոթության ու մտերմության առիթ ստեղծել տարածաշրջանի ՀԱԵ տղամարդկանց միջև:

Նախորդ
...
X