.
«Իմ սիրտը ՔՈ տունն է» մեկօրյա համագումար ՀԱԵ կանանց համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց աշխատանքային խմբի նախաձեռնությամբ վերսկսվեցին մեկօրյա համագումարները Հայաստանի 3 տարածաշրջանում: Մեկնարկը տրվեց Երևանում՝ 2023թ.-ի մարտի 24-ին: Վերջին անգամ նմանատիպ համագումար իրականացվել էր 2019 թ.-ին: 4-ամյա դադարի պատճառը համավարակը, պատերազմն ու տարատեսակ խոչընդոտներն էին:

Երկար դադարից հետո ՀԱԵ Բաղրամյան 18-ում հավաքվել էին Երևանի 3 եկեղեցու (Բաղրամյան 18, ՀԱԹ, Հույսի Տուն ) ու մոտ քաղաքների՝ Այնթապի, Արտաշատի, Արմավիրի, Աբովյանի ՀԱԵ կանանց խմբերի ավելի քան 100 մասնակից:

Համագումարը սկսվեց համեղ հյուրասիրությամբ ու ջերմ հաղորդակցությամբ, որից հետո մասնակիցները հավաքվեցին եկեղեցասրահում: Համագումարի ընթացքը շարունակվեց պաշտամունքով՝ հոգևոր երգերով, աղոթքով և Աստծո Խոսքի պատգամով:

Պատգամաբերը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն էր, ով ներկայացրեց համագումարի խորագրի ներածությունը հիմնված Եփեսացիս 3.14-21 համարների վրա՝ շեշտելով Պողոսի խոսքերը. որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի:

Քարոզաշարքը, որը մեկնարկեց մեկօրյա համագումարով ու կշարունակվի կանանց ամառային համագումարի ընթացքում, 1951 թ.-ին երիցական եկեղեցու հովիվ Ռոբերտ Բոյնդ Մյունգերի հրատարակած «Իմ սիրտը Քրիստոսի տունն է» գրքի հիման վրա էր: Այդ գրքույկն արդեն կես դարից ավելի մեծ ճանաչում ունի քրիստոնեական աշխարհում:

Հեղինակը նկարագրում է Քրիստոսի հետ հանդիպումը, Նրան՝ իր սրտի սենյակներ հրավիրելու ընթացքը:

Վեր. Հովսեփյանը կարևորեց այս նյութի մոտեցման ձևը հատկապես կանանց համար, քանի որ տան յուրաքանչյուր անկյուն կանանց ուշադրության կենտրոնում է, ու այս սերտողությունների ընթացքում մենք էլ շրջայց պիտի կատարենք և ամեն մեկս ինքնաքննությամբ անդրադառնանք մեր սրտի սենյակներին:

Առաջին թեման՝ սրտի գրադարանն էր, որը խորհրդանշում էր մեր միտքը: ՍԳ համարը՝ Փիլիպպեցիս 4.8-9 համարները:

Վերապատվելին նյութն ամփոփեց հետևյալ շեշտադրմամբ՝ Քրիստոսը բնակվում մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Հոգու գործի որակական դրսևորումներն են՝ սիրո մեջ արմատավորվելը (Եփ. 3.17), հասկանալը(Եփ. 3.18-19), Աստծո ամբողջությամբ լցվելը (Եփ. 3.19): 

Այնուհետև, մասնակիցները բաժանվեցին խմբերի, որտեղ անձնական անդրադարձ կատարեցին պատգամի նյութին:

Համագումարի նպատակը, ի սկզբանե, միջեկեղեցական կապերի ամրապնդումն էր, որպեսզի ամառային համագումարներից բացի ՀԱԵ կանայք շփման այլ առիթներ ունենան, տեսնեն ու լսեն, թե այլ քաղաքներում կամ մարզերում ապրող ՀԱԵ կանայք ինչ խնդիրներ կամ փորձառություններ ունեն: Այս համագումարը նաև ամառային համագումարների նյութի նախաբանն էր: Իրենց սրտի մյուս սենյակների դասավորվածությանն ու խնդիրներին կանայք կանդրադառնան հունիսին, Հանքավանում նախատեսվող ամառային եռօրյա համագումարին:  

Իսկ մինչ այդ, Աստծո ողորմությամբ, մեկօրյա համագումարներ կլինեն նաև Վանաձորում, ապրիլի 15-ին, որին կմասնակցեն Հայաստանի հյուսիսային շրջանի ՀԱԵ կանանց խմբերը, և մայիսի 13-ին Սիսիանում՝ Սյունիքի ՀԱԵ կանանց խմբերի համար, աղոթում ենք նաև, որ Արցախի քույրերն էլ կարողանան մաս կազմել: 

Նախորդ
...
X