.
Աշխարհում Կարող եմ Նոր Որակ Ցանել

Աշխարհում Կարող եմ Նոր Որակ Ցանել (ԱԿՆՈՑ)՝ խորագրի ներքո, մարտի 24-25-ը Հայաստանի տարբեր քաղաքներից Հանքավանում էին հավաքվել Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու շուրջ 80 պատանի և երիտասարդ՝ իրենց առաջնորդների հետ միասին: Եկել էին քննարկելու, բանավիճելու և անհատական ելույթներ ունենալու քրիստոնեական էթիկայի շրջանակներում արծածվող վիճահարույց թեմաների շուրջ։

ԱԿՆՈՑ-ի մասնակիցներն այս համագումարին պատրաստվել էին շուրջ մեկ տարի՝ փորձնական համագումարների, սեմինար-քննարկումների մասնակցելով։  

«Մահապատիժը պե՞տք է լինի պատժի միջոց», «Ազգային շահը գերակա՞ է բնապահպանությունից», «Ճգնաժամերի ժամանակ հայրենիքը լքելն արդարացվա՞ծ է»․ հարցեր, որոնց պատասխանների համար կատարվել էին բազմակողմանի ուսումնասիրություններ՝ դիտարկելով և համադրելով տարբեր աղբյուրներ և փաստեր։

Բանավեճի նպատակը ոչ թե հաղթողներ և պարտվողներ ճանաչելն էր, այլ այս ձևաչափի միջոցով քննադատական միտք ձևավորելը, ճշմարտությունը գտնելն ու սովորելը։ Անհատական ելույթներին պարաստվելն օգնել էր մտքերը ճիշտ արտահայտելու կարողություններ ձեռք բերելուն։

Երկու օր տևած համագումարի վերջում ՀԱԵ ՔԴ տնօրեն Վեր․ Ավետիք Խաչատրյանն Աստծո Խոսքի միջոցով ցույց տվեց, թե ինչ է Աստված սովորեցնում մեզ. միայն արդար դատաստանի միջոցով է, որ մարդն արժանանում է պատժի գերագույն ձևին, իսկ արդար դատ միայն Աստված է անում (ՍԳ հիմնական հատվածները՝ Հովհաննես 8.1-11, Գործք 5.1-10), հայրենիքը մեր ընտանիքն է, որտեղ կանչված ենք սիրելու միմյանց ու խնամելու՝ անկախ դժվարություններից (Հիմնական հատվածը՝ Հռովմեացիներ 13)։

Համագումարի օրերը լեցուն էին ոչ միայն գիտելիքներ ձեռքբերելու առիթներով, այլև ակտիվ խաղերով, Աստծուն փառաբանելու ժամերով և, իհարկե, դրական հույզերով։ ԱԿՆՈՑ-ի մասնակիցներն իրար հրաժեշտ տվեցին՝ հավատալով, որ Աշխարհում Կարող են Նոր Որակ Ցանել՝ վստահելով Նրան, Ով աճեցնում է:

«Ուրեմն ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է»:

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 3.7

 

Շուշան Ենգիբարյան

ՀԱԵ ՔԴ աշխատակից

Նախորդ
...
X