.
Հունվարը՝ ավետման ամիս

Քրիստոնյա աշխարհի մեծագույն ուրախությունը՝ Փրկչի Ծննդյան Բարի Լուրը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ավետում է հունվարի 6-ին: Դեկտեմբերի վերջից սկսած, սակայն նախապատրաստության շրջան է:

«Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»... Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում մանուկները լսեցին այս ավետիսը տոնական միջոցառումների ընթացքում:

Երևանում, Ստեփանավանում ու այլ քաղաքներում հունվարի 5-ի երեկոյան ՀԱԵ ծառայողներն ու երիտասարդները Սուրբ Ծննդյան երգերով այցելեցին համայնքի անդամներին: Ավետման երեկոն վերջին տարիներին իր ուրույն տեղն ունի ՀԱԵ եկեղեցական կյանքում: Այն հրաշալի առիթ է նաև անծանոթ մարդկանց պատմելու Քրիստոսի Ծննդյան բարի լուրը՝ հոգևոր երգերի միջոցով:

Հունվարի 6-ին ՀԱԵ Բաղրամյան 18-ում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան միասնական պաշտամունք Երևանում գործող Հայաստանյայց Ավետարանական 3 եկեղեցիների անդամների մասնակցությամբ:

Հունվարի 14-ին Սուրբ Ծննդյան երգերի միջոցով ավետարանչության հնարավորություն ունեցան ՀԱԵ Բաղրամյան 18-ի երիտասարդներն ու պատանիները: Տոնական համերգի մուտքն ազատ էր: Ներկաները Սուրբ Ծննդյան Ավետիսը լսեցին նաև պատգամի միջոցով: Վեր. Գևորգ Գասպարյանը խոսեց Ղուկաս 2.8-20 համարների շուրջ: Բերելով հովիվների օրինակը, ովքեր լսեցին ավետիսը, փնտրեցին, գտան ու այնուհետև բաժնեկցեցին բարի լուրը՝ վերապատվելին հորդորեց չբավարարվել միայն Սուրբ Ծննդյան ավետիսը լսելով, այլև փնտրել, գտնել ու բաժնեկցել այն շրջապատի հետ:

Հունվարը ՀԱԵ-ում ավետման ամիս է, իսկ ամբողջ տարին՝ այդ Ավետիսի ուրախությունն ապրելու մարտահրավեր:

 

 

 

Նախորդ
...
X