.
Երիտասարդական հանդիպում Վանաձորում

Երևանից Վանաձոր ձգվող 100 կիլոմետրանոց ճանապարհն աննկատ անցավ: Ամիսներ առաջ պլանավորած հանդիպմանը, որը կայացավ հունվարի 14-ին, սպասում էին ոչ միայն Երևանի ՀԱԹ-ի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդները, այլև հյուրընկալող կողմը՝ Վանաձորի եկեղեցին:

Ամառային ճամբարներին ու տարվա ընթացքում կազմակերպվող միասնական համագումարներին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդներն իրար ճանաչելու և ընկերանալու առիթներ ունենում են, բայց երբ հյուր են գնում կամ հյուրընկալում որևէ այլ քաղաքի երիտասարդաց խմբին, ծանոթացնում պայմաններին, ծառայություններին, միասին՝ համեմատաբար փոքր խմբով սերտում Աստծո Խոսքն ու փառաբանում, փորձառությունն ու օրհնություններն այլ են լինում:

Վանաձոր-ՀԱԹ երիտասարդական հանդիպումը սկսվեց հյուրասիրությամբ ու մտերմացնող խաղերով, այնուհետև շարունակվեց միասնական պաշտամունքով: Փառաբանությանը հաջորդեց Աստծո Խոսքի պատգամը: ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ վեր. Վարդան Ափինյանը խոսեց Կողոսացիներին 2.6-7 համարների շուրջ. «Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, նրանով էլ ընթացե՛ք՝ արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով»։

Վերապատվելի Ափինյանը հորդորեց երիտասարդներին անդրադառնալ, թե որտեղ են ձգված մեր արմատները, ի՞նչ հիմքի վրա է կառուցված մեր կյանքը: Ինչպես ծառն ամուր է, եթե արմատները խորը ձգված են հողի մեջ ու սնուցվում են այդ հողից, այնպես էլ քրիսիտոնյան անսասան է, եթե ամրացած է և սնուցվում է Քրիստոսից ու նրա մարմին հանդիսացող եկեղեցուց: Ինչպես շինության ամրությունը պայմանավորված է ամուր հիմքով, այնպես էլ մեզ համար Քրիստոսն է ամրության ու կայունության հիմքը, առանց նրա կտապալվենք ցանկացած «քամուց»:

Պատգամից հետո երիտասարդները խմբերի բաժանվեցին, քննարկեցին նյութն ու անձնական անդրադարձ ունեցան:

Հանդիպումն ավարտվեց խորհրդանշական նվերների փոխանակմամբ ու միասնական լուսանկարով:

Այս հանդիպումն իսկապես մտերմացրեց Երևանի ու Վանաձորի երիտասարդներին, թույլ տվեց նկատել, թե որքան նման են իրենց ապրումները, խնդիրներն ու Աստծո հանդեպ ունեցած սերը՝ անկախ բնակության վայրից: Քրիստոսով բոլորս մեկ ենք:  

Նախորդ
...
X