.
«Սուրբ Ծննդյան երգը» ներկայացում՝ Դիքենսի մոտիվներով

Սուրբ Ծնունդն ինքնամաքրման ու վերափոխման հանգրվան է, երբ յուրաքանչյուր քրիստոնյա անդրադառնում է իր ապրած կյանքին, արժևորում այն Քրիստոսի ծննդյան լույսի ներքո ու որոշում կայացնում ապրել այդ լույսին համահունչ:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախումբն ամեն տարի յուրօրինակ բեմադրությամբ է ավետում Սուրբ Ծննդյան բարի լուրը Երևանի ու տարածաշրջանի մանուկներին ու պատանիներին: 

Այս տարի սցենարի հիմքում Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան երգը» պատմվածքն էր: Հեղինակ և բեմադրիչ ռեժիսոր Նունե Աբրահամյանը փորձառու դերասաններ Կարեն Միրիջանյանի, Անահիտ Կիրակոսյանի, Արա Գևորգյանի ու այլոց հետ մեկտեղ պատմվածքը կենդանացրել էր նաև փոքրիկ դերասանների խաղով:

Ներկայացման գլխավոր հերոսին՝ Էբենեզեր Սկրուջին, մարմնավորում էր Կարեն Միրիջանյանը: Ծեր, քարսիրտ ու ժլատ այդ մարդուն Սուրբ Ծննդյան նախօրեին այցելում են Սուրբ Ծննդյան Անցյալի, Ներկայի և Ապագային ոգիները: Հիշելով անցյալը, արժևորելով ներկան ու տեսնելով իր ապրած կյանքի անխուսափելի ապագան՝ Սկրուջը վերանայում է իր ապրելակերպը, ընդունում Սուրբ Ծննդյան բարեփոխող հրաշքն ու մեկ գիշերվա ընթացքում ինքնամաքրվում ու վերափոխվում:

Ավելի քան 2000 երեխա հունվարի 12-ին և 13-ին 6 հերթափոխով լսեցին Քրիստոսի Ծննդյան բարի լուրն ու տուն վերադարձան նվերներով ու համոզմամբ՝ ամենամեծ նվերն ինքնին մանուկ Հիսուսն է, իսկ Սուրբ Ծնունդն ավելի լավը դառնալու մեկնակետ է: 

Նախորդ
...
X