.
Միաբանություն, որին սպասել էինք երկար ժամանակ: Երիտասարդական համագումար Արցախում

2022 թ.-ի նոյեմբերի 19-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) Արցախի և Սյունիքի 90 երիտասարդ հավաքվել էին «Պայքարող և հաղթո՞ղ, թե՞ պարտվող երիտասարդ» խորագրով համագումարին՝ Արցախի ՀԱԵ-ում։ Օրը սկսվեց հյուրասիրությամբ, ջերմ հաղորդակցությամբ և շարունակվեց Աստծո «սրահներում»՝ փառաբանությամբ։

ՀԱԵ Գորիսի հոգևոր հովիվ վեր․Սարգիս Օչինյանն Աստծո Խոսքով (Գործք 4․1-37) հորդորեց երիտասարդներին լինել պայքարող և հաղթող, որի համար անհրաժեշտ զենքերն են՝ աղոթքը, վկայությունը, սերը։ Փոքր խմբերում երիտասարդները միասին քննարկեցին այդ զենքերի անհրաժեշտության, օգտագործելու կարևորության և չկիրառելու խոչընդոտների մասին։ Հիանալի առիթ էր սեփական անձը դիտարկելու և հետագա որոշում կայացնելու համար՝ լինել հաղթո՞ղ, թե՞ պարտվող, լինել Աստծո տան մե՞ջ, թե՞ Աստծո տնից հեռու։

Այնուհետև հաղորդակցությունը շարունակվեց թիմային խաղերի միջոցով, որտեղ հաղթանակի կարևոր գրավականը միաբանությունն էր։ ՀԱԵ Կապանի երիտասարդների պատրաստած թատերական փոքրիկ ներկայացումը Լ․Ենգիբարյանի «Հովանոց» պատմվածքն էր, որի հիմնական ասելիքն Աստծո ծածկոցի տակ մնալն էր։ Փառաբանությունից հետո երիտասարդները, փոքրիկ խմբեր կազմելով, աղոթք բարձրացրին հայրենիքի, խաղաղության և միմյանց համար։

Հրաժեշտից առաջ երիտասարդները միմյանց խոստացան ամուր մնալ  ու կրկին տեսնվել։  

Նախորդ
...
X