Հոգևոր կրթությունն առանցքային պահանջ է Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում հովվական ծառայության համար, ուստի բոլոր հնարավոր առիթներն օգտագործվում են, որպեսզի կրթության ընթացքը տևական ու պարբերական լինի:
2022թ.-ի նոյեմբերի 8-11-ը Հանքավանում տեղի ունեցած 4-օրյա սեմինարը երկամյա ուսումնական ծրագրի շրջանակներում էր: ՀԱԵ Հայաստանի ու Արցախի հովիվները, շարունակելով ուսումնասիրել բացատրական քարոզի սկզբունքները, անդրադարձան հերմենևտիկա առարկային: Դասախոսը՝ վեր. Հովհաննես Բաժանյանը, ամեն օր 5 դասաժամով ներկայացրեց հերմենևտիկայի ներածությունը, խոսեց հիմնական տերմինների ու սահմանումների մասին, անդրադարձավ ՍԳ-ի ճշգրիտ մեկնության անհրաժեշտությանը, մեթոդներին և Աստվածաշունչը ճիշտ մեկնելու համար անհրաժեշտ անձնական որակներին:
Դասընթացի յուրաքանչյուր օրը սկսվում էր պաշտամունքով, ավարտվում՝ հոգևոր հաղորդակցությամբ ու աղոթքով:
Սեմինարն ամփոփվեց վերջին պաշտամունքով և Սուրբ Հաղորդությամբ: Պատգամաբերը՝ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը, անդրադարձավ Բ Թեսաղոնիկեցիներին 3.1-3 համարներին, ուր առաքյալը խնդրում է, որպեսզի եկեղեցին աղոթի, որ Աստծո Խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ասել է թե՝ ընդունելություն գտնի լսողների կյանքում:
Սուրբ Հաղորդությունը մատակարարեց ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ, ՀԱԵ Իջևանի հովիվ վեր.Ալբերտ Փայտյանը:
ՀԱԵ հովիվները կշարունակեն սերտել հերմենևտիկա առարկան, ինչպես նաև կուսումնասիրեն էգզեգետիկան ու կանդրադառնան քարոզաբանությանը երկու տարվա ընթացքում՝ 3 ամիսը մեկ անգամ, 5-օրյա սեմինարներով: