.
Համաավետարանական երիտասարդական համագումար․ վերջին օր

Օրերն ու ժամերն անցան` անցյալ դարձնելով համաավետրանական երիտասարդական համագումարը, սակայն ներկայում և ապագայում պահպանելով ստեղծված նոր հարաբերություններն ու նոր ընկերությունը։

Վերջին օրը երիտասարդները Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցու ավագ հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի և հովվական կազմի, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի ուղեկցությամբ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հանդիպելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ 

Մինչ երիտասարդների հետ հանդիպումը, վեհափառ հայրապետն առանձնազրույց ունեցավ հոգևոր գործիչների հետ։ Քննարկումն անցավ դրական մթնոլորտում։ Վեհափառը գնահատեց այն բոլոր ծառայությունները, որոնք իրականացվել են 175-ամյակի շրջանակներում։

Համագումարի մասնակիցների հետ հանդիպման մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով։  Զավեն Խանջյանը, փառք տալով Աստծուն անկախ հայրենիքի և եկեղեցու գոյության համար, երիտասարդներին ներկայացրեց Վեհափառին։ 

Կաթողիկոսն աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայազգի երիտասարդներին հիշեցրեց հայրենիքի և վերջինիս համար գործելու կարևորության մասին, հայտնեց իր վստահությունը, որ երիտասարդները նորոգված մտքով և հոգով պետք է վերադառնան իրենց համայնքներ և փոխանցեն այն պատգամը, որը ստացան այս օրերին հոգևոր առաջնորդների կողմից։ 

Հանդիպումն ամփոփեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը՝ իր շնորհակալական խոսքն ուղղելով ներկաներին։ 

Հանդիպումից հետո երիտասարդները վերադարձան Երևան, իսկ երեկոյան միասին մասնակցեցին խնջույքի` վերհիշելով անցած օրերն ու կախման կետեր դնելով դրանց կողքին, հույս ունենալով` հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա։ 

Նախորդ
...
X