.
Համաավետարանական երիտասարդական համագումար.Օր 7

Համաավետարանական երիտասարդական համագումարի 7-րդ առավոտը բացվեց ճամպրուկային տրամադրությամբ։ Այս անգամ ճանապարհը երիտասարդներին ետ էր վերադարձնելու դեպի հայաստանի սիրտ` Երևան։ 

Մինչև այդ, սակայն, մի վերջին հնարավորություն կար հանգիստ տեղ գտնելու, նստելու, վայելելու շրջակա բնությունը, փառք տալու Աստծուն, որ Իր ձայնը լսեցին այս օրերին, ու խորհելու Եսայի 6․1-8 համարների շուրջ։ Առավոտյան խորհրդածության հարցը հետևյալն էր, եթե Հիսուսին դեմ առ դեմ հանդիպեն ու լսեն․ «Ու՞մ ուղարկեմ, ո՞վ կգնա․․․»,- ի՞նչ կպատասխանեն։  

Կեսօրից հետո ճամպրուկներն արդեն տեղավորված էին բեռնախցիկներում, իսկ երիտասարդները զբաղեցրել էին իրենց տեղն ավտոբուսներում։ Ճանապարհային պատկերները նույնն էին, սակայն նույնը չէր ավտոբուսում գտնվող երիտասարդների կապը։ Կողք կողքի նստել էին արդեն ոչ միայն նույն եկեղեցու ներկան կրողներ, այլև ապագա տեսիլք ունեցող մտերմացած ընկերներ։

Մինչև Երևան հասնելը կարևոր կանգառ կար, Էլ ի՞նչ պտույտ Հայաստանում, առանց «կապուտաչյա գեղեցկուհու»։ Հեռվից արդեն նշմարվում էր Սևանա լիճն ու երկնակամարին հասնող Սևանավանքը։ Երիտասարդները նավարկեցին Սևանի անսանձ ալիքների վրայով, վայելեցին հայրենիքի «ծովի» ջերմությունը, հետո բարձրացան ավելի վեր` վանք` ծանոթանալով պատմությանն ու հպվելով հեռուներից եկող քամուն։ Պտույտի վերջում վայելեցին ձկնաշատ համեղ ընթրիքը։

Երեկոյան համագումարի մասնակիցներն արդեն Երևանում էին, որտեղ էլ ավարտվեց յուրօրինակ ու հիշարժան օրը։

Նախորդ
...
X