.
Համաավետարանական երիտասարդական համագումար․Օր 6

Համաավետարանական երիտասարդական համագումարի 6-րդ օրն ամենախիտն էր։ Գունեղ իրադարձությունների շղթան բացվեց մենիկ պահով, որի գլխավոր հարցը Հիսուսինն էր «Ի՞նչ են ասում մարդիկ իմ մասին, ո՞վ եմ ես» (Մատթ․16․13-20 )։ «Ո՞վ է Քրիստոսը քեզ համար»,- հարցրեց պատվելի Տաթև Բասմաջյանը՝ առավոտյան պաշտամունքին․«Այդ հարցի պատասխանը քո վկայությունն է․․․»։

Յուրահատուկ էր մենիկ պահի գործնական կիրառումը․ նախ յուրաքանչյուր մասնակից մեկական տերև պոկեց աղոթքի ծառից, որպեսզի այն բարձրաձայնի Աստծո առջև, այնուհետև քաջալերական խոսքերով փոքրիկ ծրարներ տվեցին իրենց հին ու նոր ընկերներին։  

Օրվա թեման հավատքի կյանքում մրցասպարեզը վազելու մասին էր, վեր․Մասիս Հակոբյանը հարցով սկսեց․ «Ինչպե՞ս ենք պատրաստվում վազել», և Աստծո Խոսքով տվեց հիմնավոր պատասխանը․ նայել առաջ, ինքնակարգապահություն ձևավորել, համբերություն և հաստատակամություն ունենալ։ Հոգևոր վազքին խանգարող հանգամանքների մասին խոսեցին խմբերում՝ փազլի պես հավաքելով բոլոր հնարավոր  լուծումները։

Հոգևոր վազքի տեսական ուսուցումից հետո երիտասարդները գործնական վազքին անցան։ Թիմային խաղերը մեծ իրարանցում էին ստեղծել։ Ճամբարում դատարկ անկյուն չէր մնացել, ամենուր մտածված, հետաքրքիր ու արկածային հանձնարարություններ էին, որոնք հաջողելու գաղտնիքը միաբանության մեջ էր։ 2 ժամ շարունակ 170 երիտասարդ վազեց՝ առաջ նայելով, փորձեց կարգապահ, հաստատակամ ու համբերատար լինել, լսել կողքինին ու գործել միասին։

Միասնականությունն էլ ավելի ընդգրկուն դարձավ Սուրբ Հաղորդության սեղանի շուրջ։ Մինչ այդ, սակայն, նախորդ օրերի 3 պատգամների ամփոփումը լսեցին։ Պատվելի Արամ Բաբաջանյանը հիշեցնում էր անցած թեմաները, իսկ համագումարի մասնակից, նկարչուհի Մարիամ Դաշտոյանը զուգահեռ էքսպրոմտ կտավ էր ստեղծում։ Արդյունքը ցնցող էր՝ Քրիստոսի Խաչը փրկության միակ խարիսխն է։ Սուրբ Հաղորդության սեղանն էլ այդ խաչի արդյունքն է, սեղան, որը բացվել է անարժանների համար։ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր․Մկրտիչ Մելքոնյանի՝ մինչև հոգու խորքը թափանցող խոսքերից հետո երիտասարդները ճաշակեցին փրկության համար կոտրված մարմինն ու թափված արյունը։

Երեկոն լուսավոր էր, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Հարյուրավոր լույսերով զարդարված այգին, ինքնաշեն բեմը, տաղանդավոր երիտասարդ կատարողներն իրենց երգով ու ասմունքով ջերմություն ու լույս էին տարածում։ Երեկոյի մշակութային մասին հաջորդեց տոնախմբությունը։ Աշխույժ պարերը ոչ միայն ուրախանալու, այլև տաքանալու հիանալի առիթ էին։ Քիչ անց հնչեց հայկական ավանդական երգերից մեկը՝ «Խորովածը շատ լավ բան է․․․», տարածքը լցվեց հայկական խորովածի ախորժաբեր բույրով։        

Իրադարձություններով հարուստ օրվա վերջին ակորդը դարձավ խարույկը։ Հանքավանյան ցրտին այն ամենասպասվածն էր։ Խարույկի ջերմությունն այտերին, Աստծո սիրով հաղորդակցության ջերմությունը սրտերում՝ երիտասարդները դժվարությամբ, բայց գնացին քնելու՝ վաղվա նոր ու հետաքրքիր արկածների հույսով։

 

Նախորդ
...
X