.
Համաավետարանական երիտասարդական համագումար․ Օր 5

Հանքավանում օրը սկսվում է լուսաբացով։ Վաղ առավոտյան Աստծո հետ առանձնանալն օրվա լավագույն մեկնարկն է։ Մաքուր օդ, կանաչ միջավայր, լռություն և Աստվածաշունչ․․․ Աստծո հետ երկխոսության մեջ այսօր մի հարց էր հնչում․ «Ի՞նչ ես ցանկանում, որ անեմ քեզ համար»։ Այդ հարցը Քրիստոսը Մարկոս 10․51-ում ի ծնե կույրին ուղղեց, իսկ այսօր՝ համաավետարանական համագումարի մասնակիցներին։ Պատասխանները տարբեր էին, բայց դրանք բոլորը` որպես տերև, միևնույն ծառի վրա հայտնվեցին՝ մենիկ պահի գործնական մասում՝ առավոտյան պաշտամունքին։ 

5-րդ օրվա թեման երեք տարածված ստերն էին։ Պատվելի Արամ Բաշյանը հիշեցրեց՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար, հաճախ հայտնվում ենք այդ եռանկյունում․ մարդկանց հաճեցնելու, կատարելության կոմպլեքսի և մշտական վերահսկողություն ունենալու ծուղակում։ Երիտասարդներն այդ ստերի մասին խոսեցին խմբերում` փորձելով բացահայտել դրանք իրենց մեջ։ 

Կեսօրից հետո «Շողիկ» ճամբարը թաց էր։ Ջրառատ խաղերը ոչ միայն զովանալու, այլև համախմբվելու, մտերմանալու, հաճույքով գետնին ընկնելու և վեր բարձրացնող նոր ընկերներ գտնելու համար էր։ Ծիծաղի, զվարճանքի, երջանկության ու թաց հագուստների մի ամբողջ ճամպրուկ, որը կշարունակի ջերմացնել նույնիսկ հագուստները չորանալուց հետո։

Ընթրիքից առաջ լրջության պահ էր՝ տարբեր երկրներից ժամանած ՀԱԵ երիտասարդներն իրենց խմբերով ապագայի մասին խորհեցին, փորձեցին ձևակերպել՝ ինչպիսի՞ն են ուզում տեսնել իրենց տեղական եկեղեցին 5 տարի հետո՝ այդ տեսիլքը բաժնեկցելով համագումարի մյուս մասնակիցների հետ։ 

Երեկոն թեժ էր։ «Նեո Վան» բենդի երաժիշտներն իրենց կենդանի կատարումներով ոտքի հանեցին ողջ ճամբարն ու գրեթե 2 ժամ ակտիվ երգ ու պարի մեջ պահեցին երիտասարդներին։  

Հանքավանում օրը չի ավարտում մայրամուտով, մինչև կեսգիշեր ձգվող ծրագրերն ամփոփվում են հանդարտության մեջ՝ ուս-ուսի․ արդեն կարևոր չէ, թե որ երկրից ես եկել և ինչ լեզվով ես խոսում, կեսգիշերին մոտ լեզուն մեկն է՝ աղոթքը։ 

Նախորդ
...
X