.
Վերանվիրման ու բացման արարողություններ Ստեփանավանում՝ ՀԱԵ 175-ամյակի շրջանակներում (Տեսանյութ)

2022 թ․-ին հուլիսի 3-ին՝ կիրակի վաղ առավոտյան, աշխարհի տարբեր անկյուններից հյուրերն ու տեղական եկեղեցու անդամները ճանապարհ ընկան դեպի Հայաստանի հյուսիս՝ Ստեփանավան քաղաք, փառաբանելու Աստծուն Իր բազմաթիվ օրհնությունների համար, մասնավորապես եռյակ արարողությունների՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնի նոր շենքի նվիրման, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցաշենքի վերանվիրման և առավել՝ ՀԱԵ 175 տարվա համար Աստծուն փառաբանության ու շնորհակալության պաշտամունք մատուցելու։     

Այս 3 միջոցառումները պետք է մեկ տարի առաջ տեղի ունենային, շինարարական և վերանորոգման աշխատանքներից անմիջապես հետո, բայց գլոբալ համավարակի պատճառով մեկ տարով հետաձգվեցին։ 

Այնուամենայնիվ, ԱՀԱԸ-ի աշխատակիցներն ու եկեղեցու կամավորները պատրաստ էին դիմավորել լի ավտոբուսներով ժամանած հյուրերին և ուղղորդել նրանց դեպի կենտրոնի շենքի մուտքը, որտեղ ավանդական տարազներով ԱՀԱԸ-ի պարային խմբակի մի խումբ երիտասարդ աղջիկներ հեզաճկուն հայկական պարով ազդարարեցին բացման արարողությունը։ 

Մեջբերելով Սաղմոս 127․1 համարը, ԱՀԱԸ նախագահ Նազարեթ Դարակչյանը կենտրոնի աշխատանքների հիմքում Աստծուն ունենալու մարտահրավեր նետեց, իսկ ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը երախտագիտության խոսքեր ասաց բարերարներին, ովքեր ցանկացան հարգել իրենց նախնիների երեք սերունդների հիշատակը՝ ի բարօրություն այսօրվա Հայաստանի: Այնուհետև ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր․ Մկրտիչ Մելքոնյանն աղոթք բարձրացրեց առ Աստված այս կառույցում սկսված և շարունակվող աշխատանքների համար։  

Ժապավենը կտրվեց, հուշատախտակը բացվեց և կենտրոնի աշխատակիցները սկսեցին այցելուներին ծանոթացնել շենքային պայմաններին, որոնք ծառայում են Ստեփանավանի երեխաների դպրոցական առարկաների դասավանդմանը, մշակութային, ինչպես նաև սոցիալական և հոգեբանական կարիքներին։ 

Շուտով, սակայն, խումբը անցավ կենտրոնից դեպի եկեղեցաշենք ձգվող այգիով, քանի որ սկսվելու էր պաշտամունքը։ Եկեղեցու հովիվ վեր․ Հրանտ Բադալյանը պաշտամունքը բացեց աղոթքով ու շարունակեց վարել այն, իսկ երգչախումբն ու դաշնակահարն առաջնորդեցին փառաբանությունը՝ կատարելով «Ամենապերճ Հիսուս» և «Եկեղեցու հիմնը» երգերը։ Պաշտամունքի մեջ բաժին ունեցան հովիվներ Հայ Ավետարանական բոլոր միություններից․ Հովել Միքայելյանը ներկաներին ողջունեց Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի անունից։    

Այստեղ նույնպես Նազարեթ Դարակչյանը հատուկ պատգամ հղեց՝ հիշեցնելով եկեղեցուն, որ Աստված բնակվում է ոչ թե ձեռագործ շինություններում, այլ եկեղեցին կազմող մարդկանց սրտերում։ Իսկ Զավեն Խանջյանը հորդորեց եկեղեցուն՝ երիտասարդներին և մեծահասակներին, նպատակ ունենալ զարգացնել քրիստոնեական բնավորությունն ու այդ առաքինություններով նպաստել հայ ժողովրդին Աստծո ճանապարհներով առաջնորդելուն: Այդ խոսքերից հետո վեր․ դոկտ․ Հարություն Սելիմյանն աղոթք բարձրացրեց Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի և առաքելության համար։

Ուշադրությունը հրավիրելով եկեղեցու վերանորոգված շենքի նվիրման վրա՝ ՀԱԵ խորհրդի նախագահ վեր․ Ալբերտ Փայտյանը ներկայացրեց Ստեփանավանի հայ ավետարանական համայնքի ավելի քան մեկդարյա պատմությունը, և նկատեց, որ Ստեփանավանի ՀԱԵ շենքը ԱՀԱԸ-ի կողմից Հայաստանում կառուցված առաջին եկեղեցաշենքն է։ Վեր․ դոկտ․ Փոլ Հայդոսթյանը եկեղեցու նվիրման համար բարձրացրած հուզիչ աղոթքով Աստծո առջև բերեց Ստեփանավանի Հայ Ավետարանական համայնքի պաշտամունքային կյանքի յուրաքանչյուր կողմ՝ խնդրելով, որ Սուրբ Հոգին ամեն պահ ներկա լինի նրանց համայնքային և անհատական կյանքում:

Օրվա պատգամը վեր․Հրանտ Բադալյանը վերնագրել էր հարցադրումով «Ու՞ր է Քրիստոսը» (Հայտնություն 3․20) հատուկ առիթներին, ինչպիսին այս օրն է, կամ քրիստոնյայի անձնական կյանքում ամեն օր։ Հումորով, բայց համոզումով նա խոսեց այն մասին, թե ինչպե՞ս են քրիստոնյաները հեռու պահում Քրիստոսին իրենց ներքին աշխարհ մուտք գործելուց, և հորդորեց բաց սիրտ ունենալ Աստծո հանդեպ, ինչը տեղական ու համաշխարհային եկեղեցու կենսունակության բանալին է։

Պաշտամունքը եզրափակելով Տերունական աղոթքով («Հայր Մեր»)՝ հարյուրավոր ներկաներն արտահայտեցին իրենց միասնությունը Քրիստոսով և իրենց սերը հայ ազգի հանդեպ։ Պաշտամունքից հետո հավատացյալների միջև խանդավառ շփումը շարունակվեց, իսկ հարևանությամբ վերսկսվեցին շրջագայությունները: Հյուրերի համար ճոխ սեղաններ էին բացվել, որպեսզի վայելեն ճաշն ու հաղորդակցությունը՝ հայկական երգով ու պարով տանտերերին ու հյուրերին ոտքի հանած երգիչների կատարումների ներքո: 

Հրաժեշտից ու Հայաստանում կրկին հանդիպելու խոստումներից հետո ներկաները ճամփա ընկան դեպի Երևան ու այլ վայրեր՝ իրենց սրտերում փառք տալով Աստծուն այս օրհնյալ օրերի համար։

Վեր․ Նշան Բակալյան

 

Նախորդ
...
X