.
Համաավետարանական երիտասարդական համագումար․ Օր 4

Առավոտը բարի էր. հանքավանյան զովում, փարթամ բնության գրկում հնարավորություն ստեղծվեց անհատապես կամ միասնաբար խորհրդածել ու աղոթել Աստծո Խոսքի միևնույն հատվածի՝ Ծննդոց 3․7-15 համարների շուրջ։ Գունավոր տաղավարներում, ծառերի ստվերներում և այլուր երիտասարդներն առանձնացել էին Արարչի հետ, միևնույն ժամանակ անտեսանելի կերպով իրար միացել աղոթքով ու Սուրբ Խոսքով։

Հոգևոր մթնոլորտը տեղափոխվեց դահլիճ՝ առավոտյան պաշտամունքին։ Համագումարի մասնակիցները լսեցին Ադամին ուղղված հարցը՝ «ու՞ր ես» ՝ անդրադարձ կատարելով, թե իրենք իրենց հոգևոր կյանքում որտե՞ղ են։ Գործնականում իրենց գտնվելու վայրը նշեցին նաև նախապես պատրաստված քարտեզի վրա։ Այնուհետև կանգնեցին աղոթքի ու փառաբանության։

Աստծո Խոսքով բաժնեկցեց Գայանե Մսրլյանը՝ անդրադառնալով եկեղեցու անցյալին, ներկային ու ապագային, մտածելու առիթ տվեց՝ մենք ի՞նչ հոգևոր ժառանգութուն ենք ստացել, ի՞նչ ենք կրում, և ի՞նչ ժառանգություն ենք  փոխանցելու ապագա սերունդներին։

Մենք մեկ ենք հավատքով ու ստացած ժառանգությամբ, սակայն երկրից երկիր տարբեր են ՀԱԵ մարտահրավերներն ու օրհնությունները։ Ամերիկա, Ավստրալիա, Սիրիա, Լիբանան, Ռուսաստան, Ֆրանսիա, Արցախ ու Հայաստան․․․ խմբային քննարկումից հետո տարբեր երկրների ներկայացուցիչները խոսեցին իրենց տարածքին հատուկ խնդիրների, մարտահրավերների ու առաքելության մասին։

Օրը շարունակվեց դրսի խաղերով՝ վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ և սպայբոլ։

4֊րդ օրվա ավարտը խորհրդավոր լուսավոր էր. ինչպես դահլիճը, այնպես էլ ներկաների սրտերը. փառաբանության երեկո էր, հայերեն ու անգլերեն լեզվով հին ու նոր երգեր, իրար հաջորդող կատարողներ,  երաժշտական նոր լուծումներ։ Փառաբանությամբ լի աղոթքներով էլ ավարտվեց համաավետարանական երիտասարդական համագումարի հերթական օրը։

 

Նախորդ
...
X