.
Համամիութենական համագումար Երևանում

Հայաստանյայաց Ավետարանկան Եկեղեցին 175 տարեկան է։ Այս առիթով հայրենիքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց շարքում էր ՀԱԵ Ֆրասիայի Միության կողմից կազմակերպված մեկօրյա համագումարը։ Այն տեղի ունեցավ հուլիս 2-ին, Բաղրամյան 18 հասցեում գտնվող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում։ Համագումարին հրավիրված էին ՀԱԵ 5 միությունների (Հայաստան, Ֆրանսիա, Մերձավոր Արևելք, Ամերիկա, Եվրասիա) հովիվները, աշխարհական առաջնորդները, մարդասիրական և կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Աշխարհի բոլոր ծայրերից մեկ նպատակի ու տեսիլքի շուրջ համախմբվել էին մոտ 120 մասնակից, որոնք քննարկեցին ՀԱԵ ժամանակակից մարտահրավերները, կիսվեցին առաջարկներով և ապագայի տեսիլքով։

Օրը սկսվեց ՀԱԵ միության ավագ հովիվ՝ Վեր․ Մկրտիչ Մելքոնյանի ողջույնի խոսքով, ով հորդորեց բոլոր քննարկումներն ու խորհրդակցութուններն Աստծո առաջ բերել աղոթքով։ Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի (ՀԱՀԽ) նախագահ վերապատվելի Հովել Միքայելյանը ներկայացրեց օրվա թեման, որը հիմնված էր Երբայեցիս 12․1 համարի վրա․ «․․․ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը»: Սրան հաջորդեց պաշտամունք, որտեղ մասնակիցներն Աստծուն փառք տվեցին, որ ՀԱԵ-ն 175 տարի շարունակ ավետարանի ջահը բարձր է պահում հայ ազգի մեջ, ամբողջ աշխարհում։ 

Առաջին բաժինը վերնագրված էր՝ «Մեր պատմությունը», որի շրջանակում Վեր․ Վահան Թութիկյանը, ով թեև ֆիզիկապես չկարողացավ ներկա գտնվել, տեսանյութի միջոցով անդրադարձավ ՀԱԵ 1846 թվականին Կոստանդնուպոլսում ծննդյան հետ կապված հիմնական պատմությանը, թողած ժառանգությանն ու հայանպաստ ավանդին։ 

Համագումարի երկրորդ բաժինը վերնագրված էր՝ «Որտե՞ղ ենք մենք 175 տարի անց»։ Այս բաժինը նվիրված էր ծանոթությանն ու եկեղեցիների ծառայությունների նկարագրությանը։ ՀԱՀԽ նախագահ Վեր․ Հովել Միքայելյանի առաջնորդությամբ յուրաքանչյուր ՀԱԵ Միությունից մեկ վերապատվելի ներկայացրեց իրենց ծառայությունները, դիմագրաված մարտահրավերները, օրնություններն ու դժվարությունները։ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը նույնպես ներկայացրեց ԱՀԱԸ-ին հուզող մարտահրավերները և ամփոփ խոսեց Փիլիպոսյան հիմնադրամի մասին։ Այնուհետև յուրաքանչյուր ՀԱԵ Միությունից մեկ երիտասարդ խոսեց իրենց մարտարավերների մասին և ՀԱԵ-ի հանդեպ իրենց ունեցած տեսիլքի մասին։ Նրանք կոչ արեցին ներկաներին առաջնահերթություն տալ երիտասարդ ծառայողների պատրաստությանը և հոգևորապես զինելուն՝ ապահովելով աստվածաշնչյան ամուր հիմք և այսօրվա աշխարհի մարտահրավերներին դիմակայելու կարողություն: Երիտասարդները նույնպես մտահոգություն ունեին իրենց հայկական ինքնությունը պահելու հարցում, թեև յուրաքանչյուրն ապրում է տարբեր մշակույթում և բախվում է տարբեր հանգամանքների: Սա լավագույն առիթն էր սերտորեն ծանոթանալու յուրաքանչյուր միությանը, հովիվներին, եկեղեցաշենքերին, եկեղեցու կրթական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև երիտասարդների մտահոգություններին։ Սա նպաստեց միմյանց համար աղոթելուն և փոխգործակցության ամրապնդմանը։ 

Համագումարի երրորդ բաժինը վերնագրված էր՝ «Հայացք դեպի ապագա», որն ուղղված էր որոշ հարցերի քննարկմանը, նոր առաջարկների և կարծիքների փոխանակմանը։ Մասնակիցները բաժանվեցին 5 խմբի և պատասխանեցին նախապես տրված հարցերին։ Հարցերը վերաբերում էին Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ՀԱԽՀ) դերին ու նշանակությանը, ՀԱԵ միությունների փոխգործակցությանը, երիտասարդների մարտահրավերներին և հովիվների պատրաստության ընթացքին։ Ստացված պատասխաններն առաջարկ նամակով պետք է ուղարկվի ՀԱՀԽ-ին, որն իր հերթին պետք է համախմբի և հանդես գա գործնական առաջարկներով։ 

Համագումարի ավարտին տեղի ունեցավ Սուրբ Հաղորդության պաշտամունք, որն աշխարհասփյուռ հայ ավետարանականների միասնականության և որպես Քրիստոսի մարմին լինելու վկայությունն էր։ Վեր․ Ալբերտ Փայտյանն Աստծո համար ընդունելի զոհաբերության մասին հակիրճ խորհրդածություն անցկացրեց, իսկ Սուրբ  Հաղորդություն մատակարեց Վեր․ Հենրիկ Շահնազարյանը։ Մասնակիցները միմյանցից բաժանվեցին Վեր․ Փոլ Հայդոսթյանի օրհնության և նվիրման աղոթքով։ Ավելի ուշ մասնակիցներից շատերը մասնակցեցին «Espoir pour l'Arménie» (Հույս Հայաստանի համար) կազմակերպության հոբելյանական ճաշկերույթին: Այն հիմնադրվել է 1989 թվականին, Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կողմից, և տարիների ընթացքում նյութական և բարոյական օգնություն է ցուցաբերել հայ ժողովրդին։ 

Օրվա խորագրին համահունչ՝ ՀԱԵ-ն հավատում է, որ իր առաքելությունը հայ ազգի մեջ Աստծո կողմից հաստատված մրցասպարեզ է, որին պետք է հավատարիմ մնալ։ Համբերությամբ ընթանալ աշխարհի զարգացող, արագացող, անդադար փոփոխվող ժամանակակից հասարակության ու մշակույթի մեջ։ Ընթացք, որի նպատակն է Ավետարանի պատգամը թարգմանել հայ ազգի մեջ, Քրիստոսի բերած Արքայության արժեքներով ապրել ու տարածել այն։ Համագումարի բոլոր խոսնակներն ու մասնակիցները ևս մեկ անգամ ամրապնդվեցին այս հավատքի ու համոզման մեջ, որ անկախ ներկա դժվարություններից՝ մենք համբերությամբ պետք է ընթանանք՝ Քրիստոսի ավետարանի պատգամին հավատարիմ։ Լիահույս ենք, որ Աստված իր Սուրբ Հոգով կառաջնորդի այս բոլոր քննարկումները գործնական ու տեսանելի փոփոխություններ բերելու Իր Եկեղեցու մեջ։ 

Արմեն Միսակյան

 

Նախորդ
...
X