.
Համաավետարանական երիտասարդական համագումար. Օր 3

Համաավետարանական երիտասարդական համագումարի երրորդ օրվա առավոտը ճամպրուկառատ էր։ Վերջապես ճանապարհը տանելու էր համագումարի հիմնական վայր` Հանքավանի Շողիկ ճամբար:

Մինչ այդ, սակայն, հին հայկական կոլորիտով կանգառ կար` Էջմիածին քաղաքի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում`«Մաչանենց տուն»-ը։ Ինչպես հին հայկական ավանդական տները, Մաչանենց տունը նույնպես հյուրընկալ էր՝ մուտքի դռներից սկսած։ 

Ներսում մեկ այլ դուռ կար, որը խորհրդանշական էր հատկապես սփյուռքի երիտասարդների համար․ Մուշից, Վանից, Կարսից և այլ քաղաքներից գաղթածների ժառանգները կանգնած էին Արևմտյան Հայաստանը խորհրդանշող դռան առջև, որը թեև փակ էր, բայց կողպված չէր։ Չի կողպվելու, քանի դեռ այն բացելու հույս կա։ 

Մաչանենց տան ճոխ սեղաններից օգտվելուց, ավանդական երգ ու պարից հետո համագումարի մասնակիցները շարունակեցին ուղևորությունը դեպի Շողիկ ճամբար։ 

Երևանի տապից հետո Հանքավանի զովը հանգստանալու, զբոսնելու, խոտերի մեջ նստելու տրամադրություն էր ստեղծել։ Մինչև երեկոյան միասնական պաշտամունքը, երիտասադներն ազատ էին։ Իսկ երեկոյան բազմաձայն ու բազմագործիք փառաբանություն էր սպասվում։ 7 տեսակի երաժշտական գործիք, եռաձայն երգչախումբ․ Հայաստանի, Ռուսաստանի, Լիբանանի ու Սիրիայի ՀԱԵ տաղանդավոր երիտասարդներից կազմված երաժշտախումբը պատգամին նախապատրաստող հոգևոր մթնոլորտ էր ստեղծում։

Եբրայեցիներին 10․19-25 համարների շուրջ պատգամի շեշտադրումը ՀԱԵ 175-ամյակի կարգախոսն էր՝ անխախտ պահենք հույսի դավանանքը։ Հույս, որն իր մեջ մեծ վստահություն է կրում, հույս, որը խարսխված է Քրիստոսի վրա։

Համագումարի 3-րդ օրն ավարտվեց 175-ամյա եկեղեցու ավելի քան 170 երիտասարդի ուս ուսի, ձեռք ձեռքի տված միասնական աղոթքով։        

 

Նախորդ
...
X