.
ՀԱԵ մանուկները սպորտային իրարանցման կենտրոնում

Հաղթողնե՜ր, Արծիվնե՜ր, Ուժեղնե՜ր… 

Այսպիսի գոչյուններ էին լսվում ՀՀ տարբեր շրջաններում: Բղավողները մի խումբ մանուկներ էին, հասցեատերերը՝ իրենց իսկ ընկերները, սակայն ձայնի ելևէջներն արտահայտում էին ոչ թե վրդովմունք, այլ սեր ու միասնականություն, քանի որ վերջիններս քաջալերում էին իրենց խմբի անդամներին իրենց իսկ ընտրած անուններով: 

Համախմբվելու առիթը մեկն էր՝ ՀԱԵ ՔԴ բաժնի սպորտային ծառայության նախաձեռնությամբ իրականացրած սպորտլանդիան, որին մաս կազմեցին ՀԱԵ 23 եկեղեցիների կիրակնօրյա խմբերի մանուկները: Մրցույթն իրականացավ ըստ տարածքային բաժանումների. սպորտային ծառայության համակարգող Արման Աթայանի նախաձեռնությամբ սպորտային ծառայությունների թիմ էր ստեղծվել՝ վեց տղաներից բաղկացած, ովքեր մեկնում էին նշանակված վայր և իրականացնում սպորտլանդիան: 

Առաջին հանգրվանը Վանաձոր քաղաքն էր, որտեղ միախմբվել էին Թումանյանի, Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի, Շիրակամուտի և Գյումրու եկեղեցիների երեխաները: Երկրորդը՝ Իջևանը (Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Վարդենիս), երրորդը՝ Սիսիանը (Սիսիան, Գորիս, Կապան, Արցախ), չորրորդը՝ Երևանը, որին էլ մասնակցեցին Բաղրամյան 18, ՀԱԹ, Հույսի Տուն, Արմավիր, Աբովյան, Այնթապ, Արտաշատ եկեղեցիներից և Ավետիսյան դպրոցի սաներից 8-13 տարեկան երեխաներ:

Տարբեր քաղաքներում տարբեր օրեր ընդհանուր թվով 350 մանուկ և 50 առաջնորդ վազում էին ու ընկնում, բղավում էին ու դժվարությամբ շունչ քաշում, պայքարում էին ու զիջում հաղթանակը սիրելի մրցակիցներին: Մրցակիցները սիրելի էին, քանի որ յուրաքանչյուր խմբում կային նույն քաղաքային եկեղեցուց ընկերներ:  Մանուկները տրամադրված գալիս էին իրենց ձևավորած խմբով հաղթանակ տանելու, սակայն կազմակերպչական թիմը նրանց բաժանում էր տարբեր խմբերի: Այսպիսով, գրեթե չեղավ մի քաղաք, որտեղ բոլոր մանուկներն առանց մրցանակի վերադարձան: 

Այս ամենի նպատակն էր՝ միաբանություն ու կապ ստեղծել ՀԱԵ տարբեր շրջանների մանուկների միջև, սպորտի միջոցով մանկական խմբերում բարձրացնել ակտիվությունը և սովորեցնել նույնիսկ ուրախության ու հաճույքի մեջ Աստծուն փառաբանել ու շնորհակալ լինել:

Հաղթողնե՜ր, հաղթողնե՜ր, հաղթողնե՜ր … 

Արդեն իսկ բղավում էր ոչ թե «Հաղթողներ» անվանում ունեցող թիմը, այլ նրանք, ովքեր զբաղեցրին առաջին երեք հորիզոնականները և պատվոգրերով, մեդալներով վերադարձան իրենց քաղաքային եկեղեցիներ՝ հիշելով՝ հաղթելու դեպքում չենք հպարտանում, պարտվելու դեպքում չենք ընկճվում, չէ՞ որ մեր հաղթանակն Աստծո մեջ է:

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X