.
Արժևորման հանդիպում՝ ծառայության դաշտը փոխած հովիվների համար

Քարոզե՛ք Աստծո Խոսքն ամեն առիթով... արթուն եղե՛ք, նեղություն կկրեք, բայց ավետարանչի գործն արե՛ք, ձեր պաշտոնը կատարե՛ք...

Տիմոթեոսին ուղղված Պողոս Առաքյալի վերջին խոսքերն ու հորդորները (Բ Տիմոթեոս 4:1-5) իբրև աղոթք ու պատգամ հնչեցին ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի քարոզում: Ունկնդիրները վերջին տարիներին ՀԱԵ եկեղեցում իրենց ծառայության քաղաքը կամ վայրը փոխած 11 հովիվներն ու նրանց ծառայած եկեղեցու պատվիրակներն էին, առիթը՝ հանդիպում-հաշվետվության մեկնարկն ազդարարող պաշտամունքն էր:   

Վերջին տարիներին Հայաստանյայց Ավետարանական մի շարք եկեղեցիներում հովիվների փոփոխություններ տեղի ունեցան: 2022 թ.-ի ապրիլի 26-ին, Հանքավանի Շողիկ ճամբարում հավաքված հովիվները ներկայացրին այդ փոփոխությունների արդյունքում հովվական փորձառության, նոր դաշտում մարտահրավերների, ռոտացիայի անհրաժեշտության, օրհնության և դժվարությունների մասին հաշվետվությունները: 

Պատ. Խաչատուր Խաչատրյանը (2021թ.-ի դեկտեմբերի 13-ից ՀԱԵ Արցախի հոգևոր հովիվ),

Վեր. Հրանտ Բադալյանը (2021թ.-ի ապրիլի 30-ից ՀԱԵ Ստեփանավանի հոգևոր հովիվ),

Վեր. Արամ Մկրտչյանը (2018թ.-ի օգոստոսի 12-ից ՀԱԵ Շիրակամուտի հոգևոր հովիվ),

Պատ. Սուրեն Մակարյանը (2021թ.-ից սեպտեմբերի 26-ից Երևանի «Հույսի Տուն» ՀԱԵ հոգևոր հովիվ),

Պատ. Արմո Արզումանյանը (2018թ.-ի սեպտեմբերի 9-ից ՀԱԵ Աբովյանի հոգևոր Հովիվ),

Վեր. Վարդան Ափինյանը (2021թ.-ի մայիսի 9-ից ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ),

Վեր. Ավետիք Խաչատրյանը (2021թ.-ի հուլիսի 25-ից ՀԱԵ ՀԱԹ հոգևոր հովիվ),

Պատ. Արամ Բաբաջանյանը (2018թ.-ի սեպտեմբերի 16-ից ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ),

Վեր. Գևորգ Գասպարյանը (2021թ.-ի նոյեմբերի 17-ից ՀԱԵ Երևանի, Բաղրամյան 18-ում հոգևոր հովիվ),

Պատ. Գագիկ Դանիելյանը (2021թ.-ի հունիսի 20-ից ՀԱԵ Արտաշատի հոգևոր հովիվ),

Պատ. Կարեն Օչինյանը (2021թ.-ի մայիսի 23-ից ՀԱԵ Սպիտակի հոգևոր հովիվ), յուրաքանչյուրը 15 րոպե ելույթի ժամանակ ունեին:

Ծառայության նոր դաշտ ստանձնած հովիվներն իրենց հաշվետվությունը կառուցել էին նախապես կազմված հարցերի օգնությամբ. որո՞նք են ծառայության առաջնահերթություններն ու դրանց իրագործման միջոցները, ի՞նչ մարտահրավերներ կան: Հովիվները նաև 1-10 բալային համակարգով գնահատել էին իրենց աշխատանքն աշխատակազմի այլ անդամների հետ, ստեղծագործական մոտեցումը, ճշտապահությունը, որակավորումը, լրջությունը ստանձնած ծառայության հանդեպ, հովվական ծառայության կարևորությունը, բավարարվածության զգացումը կատարած ծառայությունից: Փորձել էին ամփոփել նաև այն ձեռքբերումները, որոնք ուրախացնող են, և այն խնդիրները, որոնք տակավին տխրեցնում են: Յուրաքանչյուր հովիվ իր ելույթն ամփոփեց այն ոլորտների մատնանշմամբ, որտեղ աճելու կարիք ունի: 

Նմանօրինակ հանդիպում, երբ նոր եկեղեցիներ ստանձնած հովիվները հաշվետվություն են ներկայացնում այդ եկեղեցիների պատվիրակների ու իրենց կարգավիճակում գտնվող այլ հովիվների ներկայությամբ, առաջին անգամ էր: Յուրահատուկ փորձառություն և օրհնություն էր, քաջալերանք ու նոր մարտահրավերների առիթ: Պատվիրակները հաստատում ու լրացնում էին հովվի հաշվետվությունը: Յուրաքանչյուր ելույթից հետո որևէ մեկն աղոթում էր տվյալ հովվի ու եկեղեցու համար: Շատերը փաստեցին, որ ծառայության դաշտի փոփոխությունը ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ է յուրաքանչյուր հովվի համար: Ամեն նոր համայնք հովվի համար աճելու, Աստծո գործերը տեսնելու և Աստծո գործի ծառա լինելու գաղափարի մեջ հաստատվելու միջոց է: Համայնքն էլ իր հերթին գիտակցում է, որ եկեղեցին Աստծո տունն է, իսկ գլուխը՝ Քրիստոսը, հովիվն էլ այդ եկեղեցու ծառան է:  

Հանդիպում-հաշվետվությունն ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց պաշտամունքով՝ փառաբանության երգերով ու պատգամով, որը՝ իբրև ամփոփում, ներկայացրեց Վեր. Հովհաննես Հովսեփյանը: Վերապատվելին խոսեց հովվի՝  ամբողջ կյանքի համար գործող համոզմունքների մասին՝ հիմնվելով Ջոն Սթոթի «Ապրող եկեղեցին» գրքի վրա:

Նախորդ
...
X