Եկեղեցու համառոտ պատմությունը
Խորհրդային տարիների՝ հոգևոր աճը սահմանափակող և ճնշող կարգերի փլուզումից հետո, ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում հոգևոր արթնության քայլեր ձեռնարկվեցին։ Հետպատերազմյան Արցախում բարեգործական, հոգևոր և մշակութային ոլորտներում կարևոր նշանակություն ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունը, որի նպատակն էր ազգանվեր աշխատանքի միջոցով Բարի Լուրը տարածել։ Դրա վառ օրինակն էին 1996 թվականին Կարկառ գետի մերձակայքում կազմակերպված ճամբարները, որոնց երեք տարիների ընթացքում մասնակցեց ավելի քան 2000 երեխա։
Հենց այս ժամանակահատվածում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին սկսեց իր կանոնավոր գործունեությունը։ 1997 թվականին եկեղեցին ունեցավ իր եկեղեցաշենքը, իսկ 2009 թվականին պաշտոնապես գրանցվեց որպես եկեղեցի։ Մինչև Արցախի հայաթափումը, չնայած դժվարություններին, եկեղեցական համայնքը շարունակում էր ծաղկել։ Համայնքում իրենց ծառայությունն են մատուցել իրար հաջորդող երեք հովիվներ՝ վեր. Արամ Մկրտչյանը (2001–2018 թթ.), վեր. Վարդան Ափինյանը (2018–2020 թթ.) և պատ. Խաչատուր Խաչատրյանը (2020 թ.-ից)։
Կայուն եկեղեցու ձևավորման գործում կարևորվում էին ոչ միայն կիրակնօրյա աստվածակենտրոն պաշտամունքները, այլև քրիստոնեական դաստիարակության ծառայությունները։ Սա գիտակցելով՝ Ստեփանակերտի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում յուրաքանչյուր կիրակի պաշտամունքներ էին իրականացվում։ Դրանցից բացի, շաբաթվա ընթացքում Ստեփանակերտում և Ասկերանում իրականացվում էին մանկական, պատանեկան և երիտասարդական ծառայություններ։
Քրիստոնեական դաստիարակության ծառայություններ էին իրականացվում նաև Շուշի քաղաքում։ 2020 թ. սեպտեմբերի 11–13-ը «Պետրոսյան» ճամբարում անցկացված երիտասարդական համագումարը, վերջինն էր Շուշիում։ Ընդամենը 14 օր անց՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց պատերազմը, որը «անապատային շրջան» դարձավ ինչպես հայրենիքի, այնպես էլ ժողովրդի ու եկեղեցական համայնքի համար։
Ուղիղ 44 օր անց՝ նոյեմբերի 10-ին, մարտական գործողություններն ավարտվեցին, սակայն այդ օրերի հոգևոր և ֆիզիկական վնասների վերականգնման համար դեռ երկար ժամանակ էր պահանջվելու։ Նոյեմբերի 15-ից ՀԱԵ ծառայակիցները մեկնեցին Արցախ՝ համայնքի անդամներին իրենց ներկայությամբ սատարելու, ինչպես նաև վերականգնման աշխատանքներ սկսելու նպատակով։
2020 թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ հետպատերազմյան առաջին պաշտամունքը։ Տևական դադարից հետո եկեղեցաշենքը կրկին շունչ էր ստացել։ Աստծո զավակները եկել էին՝ իրենց ցավերն ու հարցերը բերելով միակ Բժշկի և Ուսուցչի մոտ։ Պատերազմը եկավ բոլորի համար տեսանելի կերպով հաստատելու, որ ժամանակներն անցնում են, դրանց ողբերգական կամ բերկրալի դարձնող իրադարձությունները՝ նույնպես, և միակ մնայունն ու անփոփոխը Աստծո Խոսքն ու ներկայությունն են։
Հենց այս ծառայությունը չկասեցնելու և շարունակելու նպատակով առաջին պաշտամունքին հաջորդող երկու շաբաթների ընթացքում եկեղեցում հերթափոխով ծառայեցին Հայաստանից ժամանած ՀԱԵ հովիվներն ու քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցները՝ իրականացնելով անհատական և համայնքային աշխատանք։
Պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 13-ին, Արցախի ՀԱԵ-ում նոր հոգևոր հովիվ նշանակվեց՝ պատ. Խաչատուր Խաչատրյանը։ Համայնքի հետ միասին որոշակի ընթացք անցնելով և քայլեր ձեռնարկելով՝ Աստծո առաջնորդությամբ վերսկսվեցին ինչպես կիրակնօրյա պաշտամունքները, այնպես էլ ՔԴ ծառայությունները Ստեփանակերտում և Ասկերանում։
Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, անցնելով հետպատերազմյան ծանր շրջանը, Աստծո աջի ներքո փորձում էր աճել, առաջ շարժվել և իր գործունեությամբ առ Աստված ուղղել հայրենիքի ու ժողովրդի հայացքը։ Նույնիսկ 2022 թ. վերջից սկսված ադրբեջանական շրջափակումն ու հումանիտար ճգնաժամը չդադարեցրին Արցախում ՀԱԵ-ի գործունեությունը։
2023 թ. սեպտեմբերի 24-ին, սակայն, տեղի ունեցավ Արցախի ՀԱԵ-ի վերջին պաշտամունքը՝ Ստեփանակերտի եկեղեցասրահում։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայաթափվող Արցախը լքեցին նաև մեր համայնքի անդամները։ Այսօր նրանք ինտեգրվել են Հայաստանի տարբեր տարածքներում գործող ՀԱԵ համայնքներին։