.
Սուրբ Ծնունդ

«Ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի և նրա անունը կկոչվի Էմմանուել» (Եսայի 7.14):

Եկեք այսօր ուղևորվենք Բեթլեհեմ, որպեսզի հովիվների և երկրպագության եկած մոգերի հետ տեսնենք Հրեաստանի նոր ծնված Թագավորին, քանի որ ըստ մեր հավատի՝ մենք բոլոր հիմքերն ունենք ասելու. «Մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց» (Ես. 9.6): Հիսուսը մարմին հագած Եհովան է, մեր Աստվածն ու Տերը, և դրա հետ մեկտեղ՝ մեր եղբայրն ու ընկերը: Այդ պատճառով, եկե՛ք երկրպագենք Նրան և միևնույն ժամանակ հիանանք Նրանով: Եկե՛ք անմիջապես նշենք Նրա գերբնական բեղմնավորումը: Որ կույսը հղիանար ու որդի ծներ՝ չլսված ու աննախադեպ բան էր: Առաջին խոստումը «կնոջ սերնդի» մասին էր, այլ ոչ թե տղամարդու սերնդի: Քանի որ կինը մեղանչեց առաջինը, ինչն էլ հանգեցրեց դրախտը կորցնելուն, նա էլ աշխարհին տալիս է Նրան, ով տանում է դեպի աշխարհի վերականգնումը: Մեր Փրկիչը, հիրավի, մարդ լինելով, միևնույն ժամանակ մնում էր սրբագույն Աստված: Եկե՛ք երկյուղածությամբ խոնարհենք մեր գլուխները սուրբ Մանկան առաջ, Որի անմեղությունը մարդկությանն է վերադարձնում նրա կորցրած փառքը: Եկե՛ք աղոթենք, որ Նա մեր սրտերում դնի փառքի հանդեպ այդ հույսը: Տեսադաշտից մի՛ կորցրեք Նրա պարզ ծագումը: Նրա մայրը կույս էր, այլ ոչ արքայադուստր, մարգարեուհի, մեծ կալվածքի տիրուհի: Կասկածի ենթակա չէ այն, որ նրա երակներում հոսում էր թագավորների արյուն, որ նա դաստիարակված էր հավատի մեջ, քանի որ քաղցրաձայն փառաբանական երգեր էր երգում: Բայց ուշադրությու՛ն դարձրեք նրա խոնարհությանն ու հեզությանը, թե որքան աղքատ էր այն մարդը, ում հետ նշանված էր նա, ի՜նչ խղճուկ էր նորածին Թագավորի կացարանը:

Էմմանուել. Աստված մեզ հետ է՝ մեր բնույթի, մեր տխրության, մեր աշխատանքի, մեր պատժի, մեր մահվան մեջ և դեռ մեզ հետ է, իսկ ավելի ճիշտ է ասել՝ մենք ենք Իր հետ հարության, համբարձման, տարած հաղթանակի և երկրորդ գալուստի փառավոր շքեղության մեջ:

Չ․ Սպերջեն, «Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ», էջ 382

 

Նախորդ
...
X