.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Արցախում

«Ի սկզբանե խումբ էր, սակայն ժամանակի ընթացքում դարձավ համայնքով, ծառայություններով կազմավորված եկեղեցի. կայուն, աճող եկեղեցի»,- Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ձևավորման ընթացքի մասին խոսելիս` նշում է տեղի առաջին հովիվ վերապատվելի Արամ Մկրտչյանը։ 

Խորհրդային տարիների՝ հոգևոր աճը սահմանափակող և ճնշող կարգերի փլուզումից հետո, ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում հոգևոր արթնության քայլեր ուղենշվեցին։ Հետպատերազմյան Արցախում բարեգործական, հոգևոր, մշակութային ոլորտներում կարևոր նշանակություն ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունը, որի նպատակն էր ազգանվեր աշխատանքի միջոցով Բարի Լուրը տարածել։ Դրա վառ օրինակն էին 1996 թվականին Կարկառ գետի մերձակայքում կազմակերպված ճամբարները, որին երեք տարիների ընթացքում մասնակցեցին ավելի քան 2000 երեխա։  

Հենց այս ժամանակահատվածում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին սկսեց իր կանոնավոր գործունեությունը՝ 1997 թ.-ին ունենալով իր եկեղեցաշենքը, իսկ արդեն 2009 թ.-ին պաշտոնապես գրանցվելով որպես եկեղեցի։ Մինչ այսօր, չնայած դժվարությունների, եկեղեցական համայնքը ծաղկում է, որում իրենց ծառայությունն են մատուցել իրար հաջորդող երեք հովիվ՝ վեր. Արամ Մկրտչյանը (2001-2018թթ.), վեր. Վարդան Ափինյանը (2018-2020թթ.) և պատ. Խաչատուր Խաչատրյանը (2020 թ․-ից սկսած): 

«Մեր առաջ դրված նպատակն էր՝ տարածել Բարի Լուրը, կազմավորել եկեղեցին, ծառայությունները հասցնել բարձր որակի, առաջնորդների պատրաստություն իրականացնել», ասում է Արցախի ՀԱԵ նախկին հովիվ Արամ Մկրտչյանը և նշում, որ յուրաքանչյուր տարի բարեփումներ անելով՝ եկեղեցին ավելի է մոտենում իր նպատակներին։  

Կայուն եկեղեցու ձևավորման հարցում կարևորվում են ոչ միայն կիրակնօրյա աստվածակենտրոն պաշտամունքները, այլ նաև քրիստոնեական դաստիարակության ծառայությունները։ Սա գիտակցնելով՝ յուրաքանչյուր կիրակի պաշտամունքներ են իրականացվում Ստեփանակերտի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում, որի հետ մեկտեղ՝ շաբաթվա կտրվածքով, իրականացվում են մանկական, պատանեկան, երիտասարդական ծառայություններ Ստեփանակերտում և Ասկերանում։  

ՔԴ ծառայություններ էին իրականացվում նաև Շուշի քաղաքում։ 2020 թ․ սեպտեմբերի 11-13-ը «Պետրոսյան» ճամբարում երիտասարդական համագումարը վերջին հանդիպումն էր այժմյան Արցախի Հանրապետության տիրապետությունից դուրս գտնվող տարածքում։ Ընդամենը 14 օր անց՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց պատերազմ, որի հետ մեկտեղ՝ «անապատային շրջան» ինչպես հայրենիքի, այնպես էլ՝ ժողովրդի, եկեղեցական համայնքի համար։ Այդ օրերին Արցախի ՀԱԵ հովիվ Վարդան Ափինյանն առավել ապահով տարածք՝ Հայաստան էր տեղափոխում համայնքի անդամներին, ԱՀԱԸ Արցախի ներկայացուցիչ, ՀԱԵ ծառայող Վիկտոր Կարապետյանն օգնություն էր տրամադրում Արցախում գտնվողներին, իսկ ամբողջ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին կազմակերպչական հարցերով ամուր էր պահում թիկունքը և աղոթքով էր պատերազմում։  

Պատերազմյան ծանր ընթացքի մասին Վիկտոր Կարապետյանը հիշում է․ «Ես տալիս էի սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, Աստվածաշունչ, իսկ մարդիկ հույսի կարիք ունեին, որը գտնում էին Աստծո մոտ։ Պատերազմի ընթացքում մարդկանց հավատքն ավելի է ընդգծվել, ավելի է զորացել։ Այցելությունների ժամանակ, երբ Աստվածաշունչ էի տանում, տեսնում էի, որ հիմնականում արդեն ունեն և կարդում են»։  

Ուղիղ 44 օր անց՝ նոյեմբերի 10-ին, մարտական գործողություններն ավարտվեցին, սակայն այդ օրերի հոգևոր և ֆիզիկական վնասների վերականգնման համար դեռ երկար ժամանակ է պահանջվելու։ Նոյեմբերի 15-ից սկսած՝ ՀԱԵ ծառայակիցներ մեկնեցին Արցախ՝ հայրենիքին և համայնքակիցներին իրենց ներկայությամբ սատարելու, ինչպես նաև վերականգնման աշխատանքներ սկսելու։  

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ հետպատերազմյան առաջին պաշտամունքը։ Տևական դադարից հետո եկեղեցաշենքը կրկին շունչ էր ստացել։ Աստծո զավակները եկել էին՝ բերելով իրենց ցավերն ու հարցերը միակ Բժշկի ու Ուսուցչի մոտ։ Պատերազմը եկավ բոլորի համար տեսանելի կերպով հաստատելու՝ ժամանակներն անցնում են, դրանք ողբերգական կամ բերկրալի դարձնող իրադարձությունները՝ նույնպես, և միակ մնայունն ու անփոփոխն Աստծո խոսքն ու ներկայությունն է։ Հենց սա չկասեցնելու և շարունակելու նպատակով առաջին պաշտամունքին հաջորդող երկու շաբաթներն իրար փոխարինելով՝ եկեղեցում ծառայեցին ՀԱԵ հովիվներն ու քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցները՝ իրականացնելով անհատական և համայնքային աշխատանք։   

Պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 13-ին, Արցախի ՀԱԵ-ում նոր հոգևոր հովիվ նշանակվեց՝ պատ. Խաչատուր Խաչատրյանը․ համայնքի հետ միասին որոշ ընթացք անցնելով և քայլեր ձեռնարկելով՝ Աստծո առաջնորդությամբ վերսկսեցին ինչպես կիրակնօրյա պաշտամունքները, այնպես էլ՝ ՔԴ ծառայությունները Ստեփանակերտում և Ասկերանում։  

«Ե՛վ ներկայում, և՛ ապագայում եկեղեցին պետք է Աստծուն փառավորի։ Պատերազմներ եղել են և կլինեն, բայց իրավիճակներից զատ՝ պետք է պահել Աստծո հետ կապը։ Մեր առաջ նպատակ ենք դրել հասնել մարդկանց, ովքեր այս պատերազմի մեջ հոգևոր խռովություններ ունեն, և իրենց հայտնել մխիթարիչ Աստծո մասին», - ասում է ներկայիս հովիվ Խաչատուր Խաչատրյանը։  

Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, անցնելով հետպատերազմյան ծանր շրջան, Աստծո աջի ներքո փորձում է աճել, բարձրանալ և իր գործունեությամբ առ Աստված ուղղել հայրենիքի, ժողովրդի հայացքը։ 

 

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X