.
«Ամեն օր լավ օր է սովորելու համար» սեմինարների շարք Արցախի և Հայաստանի ՀԱԵ-ում

2021թ.-ի հոկտեմբերի 9-ին Արցախի ՀԱԵ-ում տեղի ունեցավ ՔԴ բաժնի «Ամեն օր լավ օր է սովորելու համար» վերնագրով սեմինարների շարք՝  բաղկացած երեք մասից։

«Առաջնորդել հետևորդի սրտով» թեմայով սեմինարի նպատակն էր՝ սերտել, թե  ովքեր են կոչվում առաջնորդներ, և ովքեր են հետևորդները (վերջինս տարբեր է ենթակա հասկացությունից), ինչ հիմնական բնութագրիչներ են բնորոշ հոգևոր առաջնորդներին, ինչ պետք է անենք որպես առաջնորդ, ինչպիսի առաջնորդների է փնտրում Աստված։ Մասնակիցները վերջում գրեցին, թե ինչ սովորեցին որպես գիտելիք, գործողություն, ծառայություն և անձնական որակ։ Սեմինարն անցկացրեց ՀԱԵ ՔԴ աշխատակից Շուշան Ենգիբարյանը։

«Սպորտային ծառայության կարևորությունն ու դերը եկեղեցում» թեմայով սեմինարի շրջանակներում սահմանվեց եկեղեցական ծառայություններում սպորտի նշանակությունը, թե ինչպես պետք է սկսել, զարգացնել այն և ինչպես  տարածել Աստծո Խոսքը նրա միջոցով։ Տրվեցին թիմային հանձնարարություններ, որի ընթացքում պլանավորվեցին սպորտային ծառայության միջոցով հետագա անելիքներն ու ծրագրերը։ Այժմ նախատեսվում են շարունական աշխատանքներ դրանք կյանքի կոչելու համար։ Սպորտային սեմինարն անցկացրեց ՀԱԵ ՔԴ սպորտային մասի պատասխանատու Արման Աթայանը։

Իսկ վերջին՝ «Վախերի հաղթահարում» թեմայով սեմինարը նվիրված էր սեփական վախերը ճանաչելուն և հաղթահարման ուղիները բացահայտելուն, ինչպես նաև այդ հարցով դիմող մանուկներին, պատանիներին և երիտասարդներին առաջնային հոգեբանական օգնություն ցույց տալուն՝ վստահ լինելով, որ միակ լուծումը տալիս է Աստված ու Իր Խոսքը։ Սեմինարի այս բաժինն առաջնորդում էր հոգեբան, ՀԱԵ ՔԴ ծառայող Մերի Ազիզյանը: Այս անգամ սեմինարների մասնակիցները Արցախի ՀԱԵ ծառայողներն ու  օգնական առաջնորդներն էին։

       Հոկտեմբերի 16-ին «Ամեն օր լավ օր է սովորելու համար» սեմինարների շարքը ՀԱԵ ՔԴ բաժինը շարունակեց Արտաշատ քաղաքում: Սեմինարին ներկա էին Արտաշատի և Այնթապի ՀԱԵ ծառայողներն ու աշակերտական խմբի անդամները՝ թվով 34 հոգի։  Հոկտեմբերի 22-ին նույն սեմինարը տեղի ունեցավ Սիսիանում, որին մասնակցեցին Սիսիանի, Գորիսի և Կապանի՝ թվով 23 առաջնորդ և ապագա առաջնորդ։ Այդ ընթացքում ՀԱԵ ՔԴ աշխատակիցներն այցելեցին նաև Սյունիքի մարզի ՀԱԵ տարբեր համայնքներ ու մասնակցեցին եկեղեցական տարբեր ծառայությունների՝ աշակերտական, մանկական, պատանեկան։

 

 Շուշան Ենգիբարյան

Նախորդ
...
X