.
ՀԱԵ շնորհավորանքի խոսքը Կաթողիկե Եկեղեցու նորընտիր կաթողիկոս պատրիարքին

Ֆրանցիսկոս պապի կողմից 2021թ.-ի սեպտեմբերի 22-23-ին Հռոմում գումարվել է Հայ Կաթողիկե Եկեղեցու եպիսկոպոսաց ժողով, որի արդյունքում Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը։

 

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Ավագ հոգևոր հովիվ վեր․ Մկրտիչ Մեքոնյանն ամբողջ եկեղեցական համայնքի և եկեղեցու հովիվների կողմից շնորհավորական ուղերձ է հղել նրան՝ մաղթելով Աստվածահաճո ծառայություն:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

 

«Գերշնորհ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին


Մեծագույն ուրախությամբ տեղեկացանք, որ 2021թ.-ի սեպտեմբերի 23-ին ստանձնեցիք Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի պաշտոնը՝ ստանալով գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան անունը։ ՀԱԵ-ն վստահ է, որ Դուք նոր իմաստությամբ ու եռանդով պետք է շարունակեք Ձեր Աստվածահաճո և ազգանվեր գործունեությունը՝ ծառայելով Աստծուն և ժողովրդին, մատուցելով քրիստոնեական և բարեսիրական ծառայություններ: Աստծո առաջնորդությունն ու օրհնությունն ենք խնդրում համայն Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևորական դասի և ժողովրդի համար։  

Ընդունեցե՛ք Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու և հովիվների ջերմ շնորհավորանքները»։