.
ՇՈՒՇԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 Եթե անգամ ավիրեն բոլոր շինությունները, ջնջեն բոլոր գրվածքները, վառեն բոլոր հայկական տեղեկությունները, ապա, միևնույնն է, կգտնվի մի խաչքար, մի մագաղաթ ու մի հողակտոր, որն անձայն կերպով կխոսի ու կբարձրաձայնի իր պատկանելիության մասին։

Մարդկային ճանապարհները կարող են փոխել տեսանելին, սակայն անշոշափելին, անտեսանելին՝ ազգային հիշողությունը՝ երբեք։

Դարերի շունչն իր մեջ ունեցող Շուշի քաղաքը հենց այդպիսի խոսող հողակտոր է՝ խաչքարերով ու մագաղաթներով լեցուն: Քաղաքը, անցնելով պատմական շրջափուլեր, հյուրատուն է դարձել պարսիկների, թաթարների և ուրիշների համար, սակայն տուն՝ սրտի հայրենիք է եղել ու մնացել միայն հայ ազգի համար։

Արցախի բոլոր ծայրերը վերևից հսկող այս հնագույն տեղանքն աչքի է ընկել ինչպես իր աշխարհագրական դիրքով ու պատմությամբ, այնպես էլ՝ մշակույթով ու կրթությամբ։ Շուշիի կրթական զարթոնքի ընթացքն ուսումնասիրելիս՝ հասնում ենք մինչև ավետարանականության տարածման ակունքները։

Դեռ 1823թ-ին, երբ Բազելյան քարոզիչները, ցարական կառավարությունից թույլտվություն ստանալով, հաստատվեցին Շուշիում և սկսեցին իրենց ավետարանական գործունեությունը, Ղարաբաղում կրթությունը ճահճային վիճակում էր՝ չկար բավարար մակարդակի որևէ դպրոց։ Նույն թվականին շվեյցարացի բողոքական քարոզիչները Շուշիում գնեցին ընդարձակ հողատարածք, որը պետք է հազարավոր մանուկների ու պատանիների լուսավորման աղբյուրն ու կենտրոնը դառնար 1827 թ-ին բացվեցին սպասված ուսումնարանն ու տպարանը։ Արդեն մեկ տարի անց թվով 130 աշակերտ տգիտության ճահճից դուրս գալու քայլերն էր անում այս դպրոցում։ Ըստ արձանագրված ու պահպանված տեղեկությունների՝ քարոզիչներն ասում էին «Մանուկները զանազան դասակարգերից էին, բայց մենք աշխատում էինք չքավորներ լինեն[1]» ։

 Հայերեն գրել ու կարդալ, թարգմանություններ գրաբարից աշխարհաբար և հակառակը, աշխարհագրություն, թվաբանություն ու ռուսերեն սովորեցնելով՝ նրանք կրթում էին նոր սերնդի մտածողությունը, սրա կողքին կենտրոնական ու կարևորագույն տեղ էր զբաղեցնում Սուրբ Գրքի ընթերցումը, որով դաստիարակում էին ապագան կերտող սերնդի հոգին։

 Շուշիի առաջին կանոնավոր այս դպրոցը կրթական-դաստիարակչական մեծ դեր ուներ։ Այն կարևոր նշանակություն ուներ նախ, քանի որ այստեղ սովորած երիտասարդները բացում էին փոքրիկ դպրոցներ քաղաքում ու գյուղերում՝ կրթության հասանելիության շրջանակը ընդլայնելով, և հետո, որովհետև այս դպրոցը նույնպես մղեց ռուսական կառավարությանը մտածել ժողովրդական կրթության մասին։

Հայ պատմաբան Լեոն, անդրադառնալով այս հարցին, նշել է «Իսկապես ժողովրդական դաստիարակության գործ էր սկսվում Ղարաբաղում, և այս կողմից Շուշու «լէմսին շկօլը» (գերմանական դպրոցը) նման էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցին, որի հիմնադիրը դրանից առաջ էր զգացել ժողովրդական կրթության ահագին խորհուրդը և բաց էր արել դպրոցը հասարակության բոլոր խավերի առջև[2]»։

 Բազելյան քարոզիչները կրթության կողքին կարևորում էին հրատարակչությունը, որը կրթական մակարդակը բարձրացնող քայլ էր։ Շուշիի տպարանում նրանք հրատարակում էին աշխարհաբար՝ ժողովրդին ըմբռնելի լեզվով գրքեր, որոնք կրոնական ու բարոյական բովանդակություն ունեին։ Առաջին հրատարակությունը 1828թ-ին էր՝ մանուկների համար Ս Գրոց պատմություն։

 Սակայն ճնշումների հետևանքով լուսավորական այս գործը մոտենում էր իր վերջաբանին։ 15 տարվա գործունեությունից հետո 1837թ-ին բազելյան բողոքական քարոզիչները հեռացան՝ տեղի հոգևորականների կողմից բարձրացրած դժգոհությունների հետևանքով, ըստ որի՝ վերջիններս բացում էին դպրոցներ՝ հայ երիտասարդներին նոր գաղափարներով լցնելով և հեռացնելով Հայ Եկեղեցուց, դարձնելով ավետարանական։ Շուշիի քարոզիչների հեռանալուց հետո տեղի փոքրաթիվ հայ ավետարանականները փորձեցին ինքնուրույն կարգավորել իրենց համայնքային կյանքը (1860-ական թթ Շուշիում կար 28 տուն բողոքական)։

 Չնայած Շուշիում լուսավորական գործի այս տեսակ ավարտին, այնուամենայնիվ, այն կարևոր դերակատարություն ունեցավ ոչ միայն հոգևոր, այլ նաև մշակութային, կրթական կյանքում։ Վեր Ա Պետիկյանը, այս մասին խոսելիս, նշում է «Սխալ է ըսել, թե միակ լավագույն դպրոցները Ավետարանական դպրոցներն էին, բայց շիտակ է ըսել՝ լավագույն ազգային դպրոցներ մեջտեղ եկան, որովհետև լավագույն Ավետարանական դպրոցներու կամ օրինակը կար կամ՝ մրցակցությունը[3]»։  

Հետագայում Շուշիում ստեղծվեցին տարբեր կրթական հաստատություններ՝ նպատակ ունենալով գրաճանաչ դարձնել սերունդներին։ Դրանցից են. Շուշիի հայոց թեմական հոգևոր դպրոցը (1838-1844թթ, 1845-1903թթ.)՝ 500-588 աշակերտով, որտեղ դասավանդել են Պերճ Պռոշյանը, Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը և այլք: Մարիամյան օրիորդաց վարժարանը (1864թ), որն իրականացվում էր մեծահարուստ բարեհաճ կնոջ տանն ու մեծ անուն էր վայելում: Շուշիի հայ բողոքականների դպրոցը (1865թ), որը կարճ ժամանակ անց փակվեց, քանի որ պատկանում էր բազելյան ընկերության խմբին՝ հայության մեջ բողոքականություն քարոզելով: Ռուսական գիմնազիան, Շուշիի ռեալական ուսումնարանը, Ագուլեցոց ծխական դպրոցը և շատ այլ ուսումնական հաստատություններ։

Ժամանակները փոփոխվեցին, և դրանց բերած աղետալի դեպքերը բազմաթիվ հարվածներ հասցրին ինչպես Շուշիին, այնպես էլ՝ ամբողջ Ղարաբաղին։ Կրթական կյանքը վայրիվերումների ենթարկվեց, պատերազմներն ու մի տերությունից մյուսի կազմն անցնելը քաղաքային տարբեր ոլորտներում շատ փոփոխություններ էին բերում։ 1992 թվականի մայիսի 9-ին նոր էջ բացվեց Շուշիի և ամբողջ Ղարաբաղի համար, սակայն որը վերջին Արցախյան պատերազմում ժամանակավորապես փակվեց։

  Իսկ հիմա, ինչպես նախկինում, եթե անգամ քանդեն Ղազանչեցոց տաճարը, կառուցեն մզկիթներ ու այլազգի դրոշներով ներկեն ամրոցի բոլոր պատերը, կգտնվի մեկ քար, մեկ դպրոց, մեկ տպարան, որը մի օր կխոսի իր անցյալի, ներկայի և սպասվող ապագայի մասին։

 

Թեհմինե Առաքելյան



[1] Վ․Բալայան, Հայագիտական ուսումնասիրություններ, «Դպրոցական կյանքը և ազգային դաստիարակության հարցը Շուշիում 1813-1917թթ․», էջ 29

[2] Արտաշես Ղազարյան, Ռընե Ներսես Լևոնյան, «Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի», Երևան 1999, էջ 84

[3] Արտաշես Ղազարյան, Ռընե Ներսես Լևոնյան, «Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի», Երևան 1999, էջ 85