ՀԱԵ արձագանքն ու կոչը աշխարհասփյուռ համայնքին

Շուշիի՝ հայկական ժառանգության խորհրդանիշ դարձած Սբ. Ղազանչեցոց եկեղեցին վտանգված է։

Ադրբեջանը եկեղեցու հետ կապված գործողություններ է իրականացնում՝ ակնհայտորեն խախտելով հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը։ Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը պետք է ունենա արձագանք միջազգային հանրության կողմից: Ուստի, մենք, որպես Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի, մեր բողոքի ձայն ենք բարձրացնում ՝ կոչ անելով աշխարհասփյուռ ավետարանական համայնքին՝ հայ և օտարազգի, միանալ մեզ և գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնող վանդալիզմի դեմ, որպեսզի այս սպիտակ եղեռնը կանգնեցվի:

Սա այն նույն ձեռագիրն է, որը կիրառվեց Թուրքիայում, երբ Սբ. Սոֆիան վերածվեց մզկիթի։ Սա այն նույն ձեռագիրն է, որը տեսանք Ջուղայում, երբ ոչնչացվեցին հազարավոր խաչքարեր: Սա այն նույն ձեռագիրն է, որը Ցեղասպանության տարիներին աքսորի և էթնիկ բնաջնջման հետ զուգահեռ ոչնչացրեց հայ հոգևոր պատմամշակութային կոթողներ Արևմտյան Հայաստանում։

Կոչ ենք անում բոլոր հնարավոր միջոցներն ի գործ դնել, որպեսզի միջազգային հանրությունը սկսի արձագանքել այս իրավիճակին և ճնշումներ գործադրվեն՝ կանգնեցնելու այս աղետը:

 

Վեր. Մկրտիչ Մելքոնեան

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ