.
«Միշտ ուրախ եղե՛ք ի Տեր»: ՀԱԵ տիկնանց մեկօրյա համագումար Երևանում

Պողոս առաքյալի՝ Փիլիպպեցիներին ուղղված նամակը 2024 թ.-ի մարտից ՀԱԵ Սուրբ Գրքի սերտողության կանանց խմբերի ուսումնասիիրության նյութն է, իսկ նամակում ուրախության թեման՝ տարածաշրջանային մեկօրյա և ամառային եռօրյա համագումարների հիմնական նյութը:

Մեկօրյա տարածաշրջանային համագումարների 2024 թ.-ի մեկնարկը տրվեց Երևանում: Ապրիլի 20-ին Բաղրամյան 18-ում գործող ՀԱԵ-ն հյուրընկալել էր Երևանի և հարակից քաղաքների՝ Արմավիրի, Աբովյանի, Այնթապի ու Արտաշատի Հայաստանյայց Ավետարանական 7 տեղական եկեղեցուց ավելի քան 100 կանանց:

Համագումարը մեկնարկեց հյուրասիրության շուրջ հաղորդակցությամբ, այնուհետև շարունակվեց եկեղեցասրահում՝ փառաբանության պաշտամունքով: Համագումարի խոսնակը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն էր: Վերապատվելին խոսեց Պողոս առաքյալի՝ «Միշտ ուրախ եղե՛ք ի Տեր» կոչի մասին՝ ընդգծելով, որ իրական ուրախությունն ունի ճշմարիտ աղբյուր, ուղղություն և կախված չէ որևէ արտաքին կամ ներքին հանգամանքից: Իրական ուրախության աղբյուրը Տերն է, և աստվածճանաչությունն է, որը թույլ է տալիս նաև, որպեսզի մեկս մյուսի հաջողություններով ուրախանանք: 

Պատգամից հետո կանայք բաժանվեցին խմբերի և արդեն անձնական անդրադարձով խոսեցին լսածի նշանակության, մասնավորապես՝ «Ուրախ եղե՛ք ի Տեր», «Ուրախ եղե՛ք մեկդ մյուսի համար» և «Միշտ Ուրախ եղե՛ք ի Տեր» Պողոս առաքյալի խոսքերի մասին:

Համագումարի մասնակից կանայք տուն վերադարձան համոզումով, որ քրիստոնեական ուրախությունը Տիրոջ մեջ է, ուղղված է միմյանց և կախյալ չէ որևէ բանից. քանի որ մեր Փրկիչն ապրում է, մենք պատկանում ենք նրան ու Նա է, որ ամեն ինչ նոր է դարձնում:

Մեկօրյա տարածաշրջանային համագումարների հաջորդ հանգրվանը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին է Իջևանում, որտեղ ապրիլի 27-ին կհավաքվեն Հայաստանի հյուսիսային քաղաքների ՀԱԵ կանայք: Իսկ մայիսի 3-ին Գորիսում տեղի կունենա համագումար Սյունիքի տարածաշրջանի ՀԱԵ կանանց համար: 

Նախորդ
...
X