.
«Սիրո սեղան». Հայասա թատերախմբի ներկայացումը՝ Սուրբ Հարության տոնին

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախմբի «Սիրո սեղան» ներկայացումն ապրիլի 11-ին և 12-ին ավելի քան 600 հանդիսատեսի պատմեց Քրիստոսի հարությամբ մարդկությանը բերված սիրո ու հաշտության մասին:  

Բեմադրիչ Նունե Աբրահամյանի մտահաղացմամբ ներկայացման հիմքում «Անառակ որդու վերադարձը» աստվածաշնչյան առակն էր: Բեմում՝ փորձառու դերասաններ էին: Հոր կերպարը մարմնավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը:

«Հա՛յր, տու՛ր ինձ իմ հասանելիք բաժինը»,- անառակ որդու այս խոսքերը տակնուվրա են անում ընտանիքի անդորրն ու այդ օրվանից հայրը տան սեղանի հացը չի կիսում: Դեգերումներից հետո տուն վերադարձած որդուն հոր գրկաբաց ընդունելությունը բարկացնում է ավագ որդուն: Թշնամանքը խորանում է մինչև հոր մահը, և միայն հոր ինքնազոհ սերն է հաշտեցնում եղբայրներին:

Ներկայացումն ավարտվում է վերջին ընթրիքի տեսարանով, որտեղ հարուցյալ Քրիստոսին խորհրդանշող հայրը վերջապես կիսում է հացը՝ սիրո սեղանի շուրջ:

Քրիստոսի ինքնազոհ, առանց նախապայմանների սիրո մասին անուղղակիորեն պատմող ներկայացումն անտարբեր չթողեց հանդիսատեսին:

Ամփոփման խոսքում նշվեց՝ Հիսուս Քրիստոսի՛ Հարությամբ է, որ բացվում է սիրո սեղանը։ Աստված որդեգրում և Իր ընտանիքի մեջ է ներառում Քրիստոսի շնորհով փրկվածներին։ Այսօր ևս Իր սեղանին հաղորդակից լինելն իրական է միայն Քրիստոսով։

Նախորդ
...
X