Շուշիի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 26 պատանիների համար նոյեմբերի 10-ը յուրահատուկ օր էր: Ճամփորդությունը սկսվեց առավոտ կանուխ: Կեսօրին խումբն արդեն Սիսիանի ՀԱԵ-ում էր: Պատանիներին դիմավորեցին Սիսիանի ՀԱԵ հովիվ պատ. Արման Մարտիրոսյանն ու քրիստոնեական դաստիարակության ծառայողական անձնակազմը, ինչպես նաև եկեղեցու պատանյաց խմբի անդամները: Հանդիպումը սկսվեց հյուրասիրությամբ ու հաղորդակցության հնարավորություն ընձեռնեց երկու քաղաքների պատանիներին, որից հետո այցելեցին «Շաքիի» ջրվեժ: Շուշիի պատանիներին տպավորել էր բնության այս հրաշքը, որն Աստծո ստեղծագործության մի փոքրիկ մասնիկն է: Բնության գրկում անցկացրած հիանալի րոպեներից հետո պատանիները վերադարձան եկեղեցի և միասին պաշտամունք բարձրացրին առ Աստծված: Փառաբանության և աղոթքի պահերից հետո խորհրդածեցին Աստծո խոսքի շուրջ: Թեման աստվածային սիրո և դրանից բխող գործերի մասին էր:
Ճամփորդությունը շարունակվեց: Հաջորդ կանգառը Գորիսի ՀԱԵ-ն էր: Այստեղ հանդիպումը սկսվեց միասնական պաշտամունքով: Բայց մինչ եկեղեցասրահ մտնելը Շուշիի պատանիները նախօրոք իրենց տրված թղթե տնակների վրա գրեցին իրենց անունները և փակցրին մեծ տնակին, որի վրա գրված էր «Ես և դու ՝ մեկ ընտանիք»: Այս փոքրիկ արարողության նպատակը ՀԱԵ մեծ ընտանիքի մի մասը լինելու կարևորության շեշտադրումն էր: Փառաբանությունից ու աղոթքից հետո Շուշիի և Գորիսի պատանիները մասնակցեցին մրցութային խաղերի, որի ընթացքում Շուշին աչքի ընկավ իր առաջադիմությամբ: Այնուհետև, Գորիսի ՀԱե հոգևոր հովիվ Վեր. Սարգիս Օչինյանը խոսեց իրական՝ աստվածահաճո ընկերության մասին: Պաշտամունքից հետո պատանիները կրկին առիթ ունեցան հյուրասիրվելու, հաղորդակցվելու, ինչպես նաև տեսարժան վայրեր այցելելու՝ «Զորաց քարեր», «Զանգեր», սրբ. Համբարձում եկեղեցի: Շուշիի պատանիները դատարկաձեռն չէին եկել: Թե՛ Սիսիանի, թե՛ Գորիսի ՀԱԵ-ին նրանք նվիրեցին «Հայր Մեր» տերունական աղոթքը՝ գեղեցիկ պաստառի տեսքով:Դեպի Սյունիք կատարած ճամփորդությունից Շուշիի ՀԱԵ պատանիները տուն վերադարձան հարուստ տպավորություններով, ՀԱԵ մեծ ընտանիքի մի փոքրիկ մասնիկ լինելու զգացողությամբ և Աստծուն փառաբանելու ոգևորությամբ: