ՕՆԼԱՅՆԻՑ ՕՖՖԼԱՅՆ ԿԱՄ «ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐ 2021»

 «Մենք դեռ կհանդիպենք»,- 2020 թվականին ZOOM հարթակով համակարգիչներից «Հետևորդներ»-ի տուն մտավ այս խոստումը, տեղավորվեց նրանց սրտի «հույսի» սենյակում։ Մինչ հետևորդներն այդտեղ  պահում էին տրված խոստումն ու գոնե ամառային ճամբար ունենալու հույսը, մեծագույն Ուսուցիչը՝ Քրիստոսը, Իր աշակերտների համար նախապատրաստելով անսպասելին, իրականացնում էր լավագույնը՝ ծառայողների մտքերն ու ձեռքերն օգտագործելով։

Խոստումը շատ սպասեցնել չտվեց։ Մեկ տարի դադարից հետո՝ մարտի 6-ին, Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարն իր դարպասները բացեց ապագա սերնդի՝ ՀԱԵ աշակերտաց խմբի ավելի քան 160 պատանու և երիտասարդի առաջ։ Ճամբարը վերսկսեց «շնչել». այլևս նախկին կենսակերպին էր վերադառնում։ Հետևորդներն արտաշնչեցին․ օնլայն ճամբարից օֆֆլայնի առաջին քայլն արված էր։ Առաջին անգամ աշակերտները մեկտեղ «օֆֆլայն», այն էլ՝ ձմեռային «հարթակում»։ Եվ սրա նպատակն էր՝ միաբանել ՀԱԵ աշակերտաց բոլոր խմբերին, ամրացնել ուղղահայաց՝ մեկս մյուսի, և հորիզոնական՝ մեր ու Աստծո միջև կապը։

365 և ավելի օրերի կուտակված կարոտ, իսկ դրա կողքին՝ Ստեփանավանի առաջնորդից, Գյումրու բարբառով խոսող ընկերոջից, Հանքավանի մանուշակագույն տաղավարից կարոտն առնելու ընդամենը 2 օր։

Երկօրյան տարբերվում էր ամառային հնգօրյա ընթացքից։ Սահմանափակումներ այլևս չկային, իսկ նախկին սահմաններն օգնեցին գնահատել անսահմանափակ հնարավորությունները, գիտակցել մանրուքների կարևորությունը, որոնք օրվա հորձանուտում երկրորդական էին դարձել։ Այլևս կարևոր էր տետատետ խոսքը, ժպիտը, աղոթքը։

Ճաշարանի մասնաշենքը վերակառուցման փուլում էր, այդ իսկ պատճառով 2-ից 5 րոպեում միահամուռ ուժերով դահլիճը վերափոխվում էր ճաշարանի և կրկին իր հին տեսքն ընդունում։ Սեղանների շուրջ հավաքվել էին 160 ապագա և ներկա ծառայողներն ու պատրաստակամությամբ ծառայում էին միմյանց՝ գիտակցելով նպատակն ու ըմբռնելով՝ ում է ուղղված իրենց ջանքը։

Միասնական փառաբանություն, Աստծո խոսքի նորովի բացահայտում, խմբային սերտողություններ, ինքնաբացահայտող սեմինարներ, սրանց կողքին՝ համեղ ընդմիջումներ, ձմեռային էքստրեմալ ու տարբերվող խաղեր,  տաք շոկոլադի հյուրասիրությամբ սպասված խարույկ և բաց երկնքի տակ անկեղծ սրտի փառաբանություն, իսկ վերջին օրը՝ Հաղորդության սեղանին միասնաբար մոտենալու հնարավորություն։

 Աշակերտները եկել էին իրենց Ուսուցչի մասին ավելին իմանալու, իրական հետևորդների պես քայլելու, գործնական հավատք ապրելու կարևորությունը հասկանալու և կյանքում կիրառելու։ Ակնկալելով իրենց քաղաքներ վերադառնալ նոր ձեռքբերումներով՝ միևնույն ժամանակ գիտակցում էին, որ լավագույն ձեռքբերումն իրենց հետ են բերել, որն է՝ մեծագույն Ուսուցչի աշակերտի կոչումը։

«Շիին Շողիկ» ճամբարի դարպասները փակվեցին՝ այս անգամ մի նոր հույսով, որ ամռանը, եթե Աստված կամենա, կբացվեն, և «Հետևորդներ 2020-2021»-ի մասնակից աշակերտները կվերադառնան որպես գործնական հավատքն ապրելու քայլերը յուրացրած առաջնորդներ։

Թեհմինե Առաքելյան