ՀԱԵ միության ժողով

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 2019թ.-ի տարեկան ժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-8 –ը Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» ճամբարում: Հայաստանի և Արցախի 22 ՀԱԵ համայնքների ավելի քան 90 հովիվներն ու պատվիրակները, ինչպես նաև պատվո հյուրերը՝ ի դեմս երեցկանանց, ամփոփեցին տարին, փառք տվեցին Աստծուն բոլոր օրհնությունների համար:

Համաժողովի այս տարվա խոսնակը ՀԱԵ խորհրդի նախագահ վեր. Գառնիկ Թութիկյանն էր, ով հանդիպման 2 օրերի ընթացքում պատգամների շարքով խոսեց հոգևոր աճի կարևորության մասին՝ որպես չափանիշ և օրինակ ունենալով Հիսուսին: Վերապատվելին նկատեց, որ Հիսուսին նմանվելու ուղիներից մեկն էլ աստվածաշնչյան այլ հերոսների կյանքի օրինակին հետևելն է, և Հովսեփի ու Հիսուսի ապրած օրինակների զուգորդումը լրացրեց այսօր, որպես քրիստոնյա՝ մեր ունեցած մարտահրավերների Աստվածահաճո լուծումներով:  

Համաժողովի ընթացքում պաշտամունքների փառաբանության բաժինն առաջնորդում էր Արմավիրի ՀԱԵ փառաբանության խումբը՝ Մարետա Անտոնյանի առաջնորդությամբ: 

Փառաբանության պաշտամունքին ու Աստծո խոսքի պատգամին հետևում էին աշխատանքային ժողովները: Այդ ընթացքում ՀԱԵ պատվիրակներն ու հյուրերը հնարավորություն ունեցան լսելու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանին, ով ներկայացրեց ԱՀԱԸ ծրագրերն ու ծառայությունները, ինչպես նաև համագործակցությունը ՀԱԵ-ի հետ: Այնուհետև, ՀԱԵ ավագ հոգևոր հովվի տարեկան աշխատանքների ամփոփումը ներկայացրեց ՀԱԵ ավագ հոգևոր հովվի օգնական վեր.Հովհաննես Հովսեփյանը: Ամփոփ հաշվետվությամբ հանդես եկան նաև ՀԱԵ խորհրդի նախագահ վեր. Գառնիկ Թութիկյանը, ՀԱԵ ֆինանսական հանձնախմբի գանձապահ վեր. Սարգիս Օչինյանը, ՀԱԵ ավետարանչության հանձնախմբի ատենապետ պատ. Կարեն Օչինյանը, ՀԱԵ հովվական հանձնախմբի ատենապետ վեր. Ալբերտ Փայտյանը: Առավել ծավալուն հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱԵ կանանց ծառայությունները համակարգող Էլիզ Բաղդասարյանը: ՀԱԵ տղամարդկանց ծառայությունները համակարգող վեր. Գարուշ Անտոնյանը խոսեց տղամարդկանց ներգրավվածության հետ կապված մտահոգությունների և միասնական թեմատիկ սերտողություն ունենալու կարիքի մասին: Ապագա ծրագրերի ակնկալիքներից խոսեց նաև ՀԱԵ զույգերի ծառայությունները համակարգող վեր. Համլետ Կյուրեղյանը: Աշխատանքային ժողովի հաշվետվությունների բաժինը եզրափակեց ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժնի տնօրեն վեր. Ավետիք Խաչատրյանը, ով ներկայացրեց Հայաստանում և Արցախում իրականացված ծրագրերը, ՔԴ ոլորտի բարեփոխումներն ու ծառայողների վերապատրաստման գործընթացը, ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Այս տարի ՀԱԵ միության ժողովի առանցքային թեման ՀԱԵ ներքին կանոնագրի քննարկումն ու հաստատումն էր: Վեր. Հովհաննես Հովսեփյանը, ով համառոտ ներկայացրեց կանոնագիրը,  նշեց, որ այն ձևավորվել է հատուկ հանձնախմբի կողմից՝ երկարատև աշխատանքի արդյունքում, և կոչված է՝ կանոնակարգելու եկեղեցու ներքին կյանքը: Կանոնագիրը նախապես ուղարկվել էր հովիվներին, ովքեր իրենց հերթին ներկայացրել էին այն համաժողովի մասնակից պատվիրակներին: ՀԱԵ ներքին կանոնագիրն ընդունվեց 76 կողմ և 2 ձեռնպահ ձայներով:

Ժողովի երկրորդ օրվա համար նախատեսված մշակութային երեկոյի ընթացքում ներկայացավ Գյումրու «Էսկադա» պարային համույթը: Կրտսեր և ավագ խմբի սաները հանդես եկան տարբեր ժողովուրդների պարերով, ինչպես նաև՝ դասական ելույթներով:  

Համաժողովն ավարտվեց ՀԱԵ բարձրագույն մարմնի՝ խորհրդի կազմի ընտրությամբ եւ հաղորդության պաշտամունքով: