«Mission Possible »-ի կամավորները Իջեվանում

Հոկտեմբերի 20-25-ը  Հոլանդիայից  «Mission  Possible»  կազմակերպության  երիտասարդների խումբը ժամանել էր Իջևանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի (ՀԱԵ)` կամավոր առաքելությամբ:   Կամավորները նախ մասնակցել են  եկեղեցաշենքի  շինարարական աշխատանքներին, վերանորոգել են դասասենյակները, որտեղ Հայ Ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) ցերեկային կենտրոնի սաները դասապատրաստումներ են իրականացնում, ներկել են եկեղեցուն կից այգու ցանկապատները, տնկել ծառեր,  այցելել ցերեկային կենտրոն հաճախող երեխաների տները` նպատակ ունենալով հետագայում նրանց կարիքին համապատասխան օգնություն ցուցաբերել: Նույն օրերին ՀԱԸ ցերեկային կենտրոնի երեխաների համար ՀԱԵ-ում բակային ճամբար էր կազմակերպվել: Ճամբարային ծրագիրը շատ հագեցած էր. այն սկսվում էր ճաշով, հետո երեխաները նաև հոգևոր սնունդ էին ստանում ՝ Սուրբ Գրքից պատմություններ լսելով, ձեռային աշխատանքներ էին պատրաստում, մասնակցում խաղերին և ուրախ դահլիճային ծրագրերին: Այդ ամենին մեծ ուրախությամբ մասնակցում էին նաև կամավորները: Առավել հետաքրքիր և հուզիչ էր վերջին օրը. վառ տպավորություններից բացի, երկու ազգերի ներկայացուցիչները միմյանց խորհրդանշական հուշանվերներ փոխանցեցին: