Հուլիսի 1-ը Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու ծննդյան օրն է

170 տարի առաջ՝ 1846թ.-ի հուլիսի 1-ին, Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի բնակարաններից մեկում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու առաջին՝ հիմնադրության պաշտամունքը:  

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին, որը հայտնի է նաեւ որպէս «Հայ Ավետարանական Եկեղեցի», ծնունդ է առել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ծոցից:  Պոլսի Պատրիարքարանի շրջանակներում կազմավորված «Բարեպաշտից Միություն»-ը նախակարապետն էր  Հայ Ավետարանական Շարժման, որը ձգտում էր բարեկարգված տեսնել Հայ Առաքելական Եկեղեցին:  Նրանք, սակայն, տարակարծության պատճառով անհնազանդ համարվեցին ու մերժվեցին Առաքելական Եկեղեցու առաջնորդների կողմից: Շարժման 40 անդամները ստիպված հիմնեցին Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին, եւ աշխատեցին, որպեսզի այն ճանաչվի որպէս կրոնական առանձին համայնք:

1846թ.-ի հուլիսի 1-ին, երբ տեղի ունեցավ ՀԱԵ առաջին պաշտամունքը,  եկեղեցու հիմնադիրները նաեւ կարեւոր հայտարարություն տարածեցին: Դա յուրօրինակ պատասխան էր հիմնադրման պաշտամունքին ներկա օտարազգի միսիոներների այն հարցին, թե ո՞ր հարանվանությանն են որոշել հարել:

 Հայտարարությունը հետեւյալ բովանդակություն ուներ.

«Պետք չունինք մասնաւոր նոր յարանվանությիւն մը որոշելու կամ որեւէ օտար դրութիւն կետ առ կետ որդեգրելու:

Մենք Ս.Աւետարանին աշակերտած եւ անոր հոգեկեցոյց սկզբունքները արդեն որդեգրած ըլլալով՝ կը փափաքինք մեր մայրենի եկեղեցին իր նախկին առաքելական ուղղափառութեան ու մաքուր պարզութեան վերածել. Վասն որոյ որոշած ենք ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ կազմուիլ եւ ուրիշ ոչ մեկ բան:

Հայ ենք ու Հայաստանեայց Եկեղեցւոյ զաւակունք, Սբ. Աւետարանը իբրեւ կանոն հաւատոյ եւ վարուց ճանչցանք եւ ընդունեցինք երբ դեռ նոյն մեր Մայրենի Եկեղեցւոյ ծոցն էինք, բայց այժմ մերժուեցանք անկէ անոր մեջ սպրդած Ավետարանին դեմ կամ հակառակ վարդապետություններն չընդունելնուս համար. Եւ հիմա կրկին կուզենք Հայաստանեայց Եկեղեցի մնալ բայց «Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցի» ու այդպես կազմուիլ եւ կոչուիլ. Այս հավատքով ու յոյսով որ մեր ազգային եղբարք օր մը իրենց եւս նոյն Աւետարանին աշակերտելով պիտի միանան մեր հետ»:

                                                                                                                                1 Յուլիսի, 1846

Շուտով ՀԱԵ-ն տարածվում եւ նոր եկեղեցիներ ու կրթական հաստատություններ է հիմնում, որոնց թե՛ բարոյապես եւ թե՛ նյութապես աջակցում են համաշխարհային տարբեր բարեկարգյալ եկեղեցիներ:

«Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին» տարածում է գտնում ներկայիս Թուրքիայի եւ Հայաստանի ամբողջ տարածքում, որեղ Հայ ժողովուրդ էր ապրում: Նոր եկեղեցիներ, բարձրագույն ուսմունական ու աստվածաբանական կրթության հաստատություններ են ստեղծվում, որոնք սերունդներ ու նոր առաջնորդներ են դաստիարակում եկեղեցիների ու այլ առաքելությունների համար:  Տեղական եկեղեցիները եւ հաստատությունները միավորվում են վարչական հեղինակութեան աշխարհագրական շրջանային չորս մարմինների տակ, որոնք կոչվում են «Միություններ»:  Այս միությունները հիմնում են որբանոցներ, հիվանդանոցներ, աղքատներին խնամող կենտրոններ եւ աշխատատեղեր՝ օգնության ձեռք մեկնելով հայ ազգի զավակներին:  1850-ի տվյալներով՝ Հայ Ավետարանական Եկեղեցիների թիվը 8-ն էր, հաղորդական անդամների թիվը՝ 240, հոգեւոր հովիվներինը՝ 6:  1895-ին արդեն գոյություն ուներ 111 եկեղեցի, հոգեւոր հովիվներ՝ 90 եւ հաղորդական անդամներ՝ 11835:  1913-14-ին, եկեղեցիներ՝ 137, հոգեւոր հովիվներ՝ 82 եւ հաղորդական անդամներ՝ 13891, ինչպես նաեւ 50 000-ից ավելի հետեւորդ:

Այս զարգացումը տեւում է մինչեւ Մեծ Եղեռն, երբ հայ ազգը ենթարկվում է ցեղասպանության եւ տարագրության:  Հայ Ավետարանական Եկեղեցին եւս Թուրքիայի տարածքում ենթարկվեց ջարդի իր հիսուն հազարից ավելի ժողովրդի հետ միասին, եւ տարագիր դարձավ: 

Կոտորածից զերծ մնացին քսան հազար Հայ Ավետարանականներ որոնք այլ երկրներում էին ապրում:  Ուրեմն՝ Հայ Ավետարանական Եկեղեցին, ինչպես եւ հայ ժողովուրդը, աշխարհասփյուռ է: Տեղական եկեղեցիները, գտնվելով եկեղեցական բարեկարգյալ եւ ժողովրդավար նույն հասկացողության եւ ուղղության մէջ՝ դարձյալ միավորվում են վարչական հեղինակության աշխարհագրական մարմինների շուրջ, որոնք ներկայիս «Միություններն» են: Դրանք են՝ Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միությունը, Ֆրանսիայի եւ Եվրոպայի Հայ Ավետարանական Միությունը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միությունը, Եվրասիայի Հայ Ավետարանական Միությունը եւ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Միությունը, որի կազմում են Հայաստանի ու  Արցախի ՀԱԵ-րը: Կան նաեւ երեք անկախ Հայ Ավետարանական Եկեղեցիներ՝ Հարավային Ամերիկայի եւ Հայ Ավետարանական Եղբայրության Եկեղեցիները տարբեր երկրներում:

Հայ Ավետարանական Եկեղեցին, լինելով համաշխարհային բարեկարգյալ եկեղեցիների մեկ մասնիկը, եւ որպէս համաշխարհային ճանաչում վայելող պատմական Եկեղեցի՝ իր հավատքն ապրում ու հայտարարում է գլխավոր երեք հանգանակների հիման վրա: Դրանք են՝ Առաքելական (առաքյալների) Հանգանակը, Նիկիական Հանգանակը եւ Հայ Ավետարանական Եկեղեցիների Հավատո Հանգանակը:  Առաջին երկուսն ընդունված են բոլոր Եկեղեցիների կողմից, թե՛ Կաթոլիկ, թե՛ Ուղղափառ, իսկ երրորդը հատուկ է Հայ Ավետարանական Եկեղեցուն:   

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՔԱՌԱՍՈՒՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ

1.            Տեր Վրթանես

2.            Աբիսողոմ Խ.Իւթիւճեան

3.            Սիմոն Խ.Իւթիւճեան

4.            Ստեփան Խ.Իւթիւճեան

5.            Մկրտիչ Ն.Ճիլաճեան

6.            Մկրտիչ Քիրէչճեան

7.            Օսկան

8.            Ագրիպաս Ժամագործ

9.            Եփրեմ Ժամագործ

10.          Աբրահամ Ժամագործ

11.          Պօղոս Ժամագործ

12.          Սարգիս Դարբինեան

13.          Պետրոս Գամաղիէլեան

14.          Պօղոս Գամաղիէլեան

15.          Յովսէփ Գամաղիէլեան

16.          Ասատուր Տէմիրճիպաշեան

17.          Պետրոս Մինասեան

18.          Սարգիս Մինասեան

19.          Մահտեսի Պօղոս Յովհաննէսեան

20.          Քազազ Յովակիմ Յովհաննէսեան

21.          Քազազ Յովհաննէս Կարճահասակ Քէլէշեան

22.          Ստեփան Սերովբեան եղբայր Յակովբոս Պատրիարքի

23.          Գաբրիել Չպուքճի

24.          Մանուկ Նասլեան

25.          Գալուստ Ոսկերիչ

26.          Համբարձում Ոսկերիչ

27.          Կարապետ Միրիքէլամ

28.          Եղիսէ Տեմիրճիպաշեանց

29.          Առաքել Եազմաճը

30.          Յովհաննէս Նաշաճը (ի Պապականությունէ)

31.          Նշան Յովսէփեան

32.          Եղիա Կեսարացի Բաստրմաճի

33.          Կիրակոս Չմշկածակցի Առաքելեան

34.          Պաղտասար Գրքածախ

35.          Կոզմա Չըպուքճի

36.          Մահտեսի Կարապետ Քիւրեճի

37.          Մահտեսի Պապա կոչեցեալ ոմն

38.          Սողովմէ Յովսեփեան

39.          Զանազան Ա. Իւթիւճեան

40.          Հռիփսիմէ Մ. Ճիլաճեան