Հավատամք

Առաքելական Հանգանակ ( II դար)

Հավատում եմ Ամենակալ Հորը՝ երկնքի ու երկրի Ստեղծողին եւ Նրա միածին Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ հղիացավ Սուրբ Հոգուց, ծնվեց Կույս Մարիամից, չարչարվեց Պոնտացի Պիղատոսի օրոք, խաչվեց, մեռավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առնելով մեռելներից` երկինք համբարձվեց և նստեց Ամենակալ Հոր աջ կողմում, որտեղից էլ պիտի գա` դատելու կենդանիներին և մեռածներին:
Հավատում եմ Սուրբ Հոգուն, Ընդհանրական Սուրբ Եկեղեցուն, սրբերի հաղորդությանը, մեղքերի թողությանը, մարմնի հարությանը և հավիտենական կյանքին: Ամեն:
 


Նիկիական Հանգանակ (325թ.)

Հավատում ենք մեկ Աստծու՝ Ամենակալ Հորը, որ ստեղծողն է երկնքի  և երկրի, տեսանելիների և անտեսանելիների: Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց, միածին, այսինքն` Հոր էությունից: Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ արարած: Նույն ինքը` Հոր բնությունից, որով եղավ ամեն բան երկնքի մեջ և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի: Որ մեզ` մարդկանց համար և մեզ փրկելու նպատակով իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, կատարյալ կերպով ծնվեց Սուրբ Կույս Մարիամից` Սուրբ Հոգով:Որով վերցրեց մարմին, հոգի և միտք, և ամեն ինչ, որ կա մարդու մեջ, ճշմարտապես և ոչ կարծեցյալ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, երկինք ելավ նույն մարմնով և նստեց  Հոր աջ կողմը:Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու ողջերին և մեռածներին:Որի թագավորությունը վերջ չունի:Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն՝ անեղծ և կատարյալ, որ խոսեց Օրենքի, մարգարեների և Ավետարանների մեջ: Որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սրբերի մեջ: Հավատում ենք նաև միակ ընդհանրական և առաքելական սուրբ Եկեղեցուն, մեկ մկրտության, ապաշխարության, մեղքերի թողության, մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնքի թագավորությանը և հավիտենական կյանքին:



Ավետարանական եկեղեցիների Հավատո Հանգանակ (1846թ.)

Հավատում եմ երկնքի ու երկրի Արարչին, Ամենակալ Մի Աստծու՝ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն:
Հավատում եմ, որ մարդը ստեղծված է Աստծու պատկերով, բայց ընկած է մեղքի մեջ և միայն Աստծու շնորհքով կարող է ազատվել մեղքի իշխանությունից և արժանանալ Աստծու հաճությանը:
Հավատում եմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարմնացավ և Իր կյանքով, վարդապետությամբ, չարչարանքով, մահով մարդկային ցեղի համար կատարյալ փրկություն պատրաստեց:
Հավատում եմ, որ մեռելներից հարություն առնելով` նստեց Հոր աջ կողմում և  մեզ համար բարեխոսում է, և Նրա անվանը հավատացողը ստանում է մեղքերի թողություն ու հավիտենական կյանք:
Հավատում եմ, որ Սուրբ Հոգին, գործելով մարդկանց սրտերում, նրանց համոզում է մեղքի, արդարության ու դատաստանի մասին, որ Նրա միջոցով տիրանում ենք նոր եւ սուրբ բնավորություն:
Հավատում եմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա ունի տեսանելի եկեղեցի, որի արարողություններն են Մկրտությունը և Հաղորդությունը:
Հավատում եմ, որ Սուրբ Գիրքը գրված է Աստծու ներշնչմամբ և բաղկացած է Հին և Նոր Կտակարաններից, և սա է եկեղեցու գործերի և հավատքի կանոնը:
Հավատում եմ մեր Տիրոջ փառքով գալստյանը, մեռելների հարությանը, մեղավորների հավիտենական դատապարտությանն ու արդարների հավիտենական կյանքին: